Մեքսիկայում 15 մարդ է սպանվել բարում տեղի ունեցած հրաձգության հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկայի Գուանախուատո նահանգի Սալամանկա քաղաքում շաբաթ վաղ առավոտյան հարձակում է տեղի ունեցել գիշերային բարում, որի հետևանքով առնվազն 15 մարդ սպանվել է:
Ինչպես հաղրոդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, զինված մարդիկ ներխուժել են հաստատություն և կրակ բացել այցելուների և աշխատակիցների ուղղությամբ: Տեղում 13 մարդ է մահացել, ևս 8-ը վիրավորվել էին, որոնցից 2-ն ավելի ուշ մահացել են հիվանդանոցում:
Հարձակում իրականացնողները բեռնատարով հեռացել են դեպքի վայրից: Իշխանություններն անմիջապես գործողություններ են սկսել նրանց հայտնաբերելու համար, թեև ձերբակալությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Գուանախուատո նահանգում վերջին մեկ տարում բռնության նոր ալիք է տարածվել: 2018-ի վերջին մի քանի օրում այնտեղ ավելի քան 60 մարդ էր սպանվել, հուլիսին նույնպես մի քանի օրում ևս 40 մարդ էր զոհվել: Գուանախուատոն վիճարկելի տարածք է դարձել մի քանի թմրակարտելների միջև, որոնք ձգտում են վերահսկողություն սահմանել նահանգում: