«Նա շատ բարձր գին է վճարելու». Էրդողանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել թուրքական ընդդիմադիր կուսակցության կին առաջնորդի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Մերալ Աքշեների հետ, որի դեմ Էրդողանի փաստաբաններն արդեն հայց են ներկայացրել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Աքշեներն օրերս Դենիզլի քաղաքում նախընտրական քարոզչության շրջանակում ունեցած ելույթում հեգնել էր նախագահ Էրդողանի այն արտահայտությունը, որով նա քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ընտրողներին «ահաբեկիչներ» էր անվանել:
«Ինչպե՞ս եք, տուն հաց տանելուց բացի ուրիշ մտահոգություն չունեցող «ահաբեկիչներ» ջան», - ասել էր Աքշեները:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, նախօրեին Էրդողանը սպառնացել է Աքշեներին՝ խոստոնալով, որ շատ արագ «կմաքրի հաշիվները» նրա հետ:
«Նրա հետ շատ արագ կմաքրենք մեր հաշիվները: Նա շատ բարձր գին է վճարելու: Փախչելու ծակ չի գտնելու, պատգամավոր էլ չէ, որ անձեռնմխելիություն ունենա»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ Էրդողանն արդարացել էր, որ ինքն ահաբեկիչ է անվանել ոչ թե քուրդ ընտրողներին, այլ քրդամետ կուսակցության ղեկավարներին: