ԱԺ-ում ժամանակավոր պաշտոնակատարներն իրավունք չունեին պատգամավորների հարցերին պատասխանել, Կառավարությունը նորից կարգը խախտել է. Է. Մարուքյան
ПОЛИТИКАԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ Կառավարությունը շարունակում է որոշ խախտումներով գործել:
Նա հիշեցրեց, որ Կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ, քանի որ 5-օրյա ժամկետում չեն ներկայացրել 18 նախարարությունների նշանակումները, այլ նախագահի ստորագրմանը ներկայացրել են 12-ը, և հետևաբար խախտվել է պարտադիր նորմը:
Մարուքյանը նշեց, որ դրանից հետո երկրորդ խախտումն է եղել. «ԱԺ քառօրյա նիստին ժամանակավոր պաշտոնակատարներն իրավունք չունեին մոտենալ ԱԺ ամբիոնին և պատգամավորների հարցերին պատասխանել, նորից կարգը խախտել են»,-ասաց նա: Ըստ վերջինիս՝ ԱԺ կանոնակարգի խախտում է, քանի որ նիստին միայն կառավարության անդամներն են մասնակցում, և միայն նրանք կարող են պատասխանել պատգամավորների հարցերին:
Բացի այդ, պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք դիմել էին ԱԺ նախագահին և պահանջել, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խումբ ձևավորի և Սիրիա այց կատարի՝ հումանիտար առաքելությանը այցելելու որպես խորհրդարանական վերահսկողություն: «Երբ երկրից զինվոր է դուրս գալիս, պետք է այդ ընթացակարգը պահպանվի, խորհրդարանով անցնի, բայց շրջանցվել է, և գնացել են առանց խորհրդարանի»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօր Արտաքին հարցերի հանձնաժողովի և ՊՆ-ի համատեղ փակ նիստ է կայացել, հարցը քննարկվել է և մերժվել: «Սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել վերահսկողության այլ լծակներ իրականացնել, բայց ես չեմ պատկերացնում այլ միջոց, եթե այց չկա, խումբը գնացել է, պոստ ֆակտում կարող էինք միայն այցելել, բայց մերժվել է»,-ասաց նա:
Պատգամավորի վերջին տեղեկությունը, որ ստացվել էր առավոտյան, այն էր, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից մոնիթորինգային այց է լինելու ՀՀ՝ փաստահավաք խմբի առաքելությամբ, որոնք հանդիպումներ են ունենալու երկրի ուժերի, քաղաքական ուժերի, փորձագետների, ՀԿ-ների հետ, որը հետագայում կզեկուցվի ԵԽ ԽՎ –ում:
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքի կրճատմանը, ԼՀԿ պատգամավորն ասաց, որ կառավարությունը մոնոպոլ իրավունք ունի իր կառուցվածքը ներկայացնելու, բայց իրենք պատրաստվում են այլընտրանքային առաջարկություն եղածին:
«Մեր առաջարկը միտված է լինելու մի քանի նախարարությունները պահպանելուն, և երկրորդը՝ այն համակարգը, որի դեմ պայքարում ենք, այդ համակարգը փոխելուն, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊԵԿ-ը նախարարություններ դառնան»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց համոզմամբ՝ Գյուղնախարարությունը պետք է պահպանվի, և առանձին սպեցիֆիկ աշխատող մարմին է պետք: Նա ասաց, որ նմանատիպ քննարկումներ ունեն նաև Մշակույթի և Էներգետիկայի նախարարությունների մասով, դեռևս վերջանական մոտեցում չունեն: «Բայց հստակ է, որ այլընտրանքային առաջարկությամբ հանդես կգանք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կրճատումներին, նկատեց, որ տնտեսությունը չի կարող զարգանալ կրճատումներով, բայց նաև պետք է նայել, որ որտեղ եղել են ուռճացված ապարատներ, պետք է կրճատվեն: «Օրինակ՝ մարզպետարաններում կան մարմիններ, որոնք պետք է միանշանակ լուծարվեն, բայց կան երկար տարիներ մասնագիտացված համակարգեր, որոնք կրճատելու դեպքում խնդիրը չենք կարող լուծենք, պրոցեսի կեսից պարզվելու է՝ սխալ էր, և կլինի մեծ հարված ոլորտին»,-ասաց նա: