Բողոքի ակցիայի 19 մասնակից բերվել է ոստիկանություն, 17 արձանագրություն է կազմվել, 2 դեպքով նախապատրաստվում են նյութեր. Էդգար Ջանոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Մաշտոցի պողոտայում Օպերային հարակից տարածքների սրճարանների դեմ բողոքի ակցիայի մասնակից 19 քաղաքացի բերվել է ոստիկանություն:
Tert.am-ի հարցին, թե ինչ հիմքով են բերվել քաղաքացիները ոստիկանություն, ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.«Այսօր՝ մինչ այս պահը ցույցի 19 մասնակից բերվել է ոստիկանություն:
Նրանցից 17-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել, երկուսի դեպքում նյութեր են նախապատրաստվում»: Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանություն բերված 19 քաղաքացիներն ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը վերսկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: