Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բանակի թեմայով հերթական շահարկումը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը խնդրում ներել իր դեմ մահափորձ իրականացնողներին

Past.am

Ինչպես հայտնի է, երեկ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Նամակում մասնավորաբար ասված է. «2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):

Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին»:

Հայտարարությունն ինքնին մարդասիրության յուրատեսակ արտահայտություն է: Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչու հենց հիմա, կարող է տպավորություն ստեղծվել, թե նման քայլը ԱՀ-ում կայանալիք ընտրությունների շեմին քարոզչական քայլ կամ հնարք է: Սակայն բանն այն է, որ այս նամակը առաջինը չէ: Բալասանյանը նման նամակով դիմել է դեռևս երեք տարի առաջ՝ 2016 թվականին: Ի դեպ, ուշագրավ հավելում. թե՛ 2016 թվականին, որպես ԱԺ պատգամավոր,  թե՛ 2019 թվականին, որպես անվտանգության խորհրդի քարտուղար, գրվածնամակները բացառապես նույնական են:

«Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում: Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը»,- ասված է երեք տարվա տարբերությամբ ԱՀ նախագահին ուղղված նամակներում:

Փաստացի, մահափորձից ընդամենը երեք տարի անց Բալասանյանը դիմել է Բակո Սահակյանին՝ ներել մարդկանց, որոնք իր դեմ մահափորձ են կատարել: Սա ինքնին խոսում է մարդու արժեհամակարգի մասին, նաև այն մասին, որ անհատը իրապես հանդուրժողականության և ներողամտության գաղափարների կրողն է: Ընդունենք, որ մեր իրականության մեջ նման հասկացությունների, նման արժեքների լուրջ դեֆիցիտ կա, ընդունենք, որ բոլորս էլ դժվարությամբ ենք ներում, մեղմ ասած, միշտ չենք հանդուրժող: Այնինչ, ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար այսօր, առավել քան երբևէ, առաջնային է միասնականությունը, սիրո, բարության արժեքների գերակայությունը, սեփական ամբիցիաներն ու շահերը հանուրի շահերին ստորադասելը: Չենք կարծում, թե որևէ մեկը կվիճարկի այն հանգամանքը, որ այս առումով դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու:

Ինչ վերաբերում է Բալասանյանի նամակին, ապա վերադառնալով դրան, փաստենք, որ երեք տարի առաջ նրա նամակը ԱՀ նախագահի կողմից մերժվել է: Թե ինչ պատճառաբանությամբ, չգիտենք: Բայց փաստն այն է, որ մերժվել է, և հիմա վերստին առաջացել է նման խնդրանքով դիմելու անհրաժեշտություն: Հուսանք, որ ևս մեկ կամ երեք տարի անց նման նամակով դիմելու կարիք չի լինի:

Տիգրան Ավետիսյան

website by Sargssyan