Հայաստանը Ինտերպոլով 380 անձի է որոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայումս Ինտերպոլի գծով Հայաստանից հետախուզվում է 380 անձ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը:
Այս պահին ամբողջ աշխարհում Ինտերպոլի գծով հետախուզվում է ընդհանուր 161 679 անձ: 2017-ից մինչեւ 2018 թվականը Ինտերպոլի անդամ երկրների տարածքում հայտնաբերվել է 355 անձ, որոնք հետախուզվում էին Հայաստանի իրավապահ մարմինների նախաձեռնությամբ՝ ծանր, առանձնապես ծանր եւ ռեզոնանսային հանցագործությունների կատարման մեղադրանքով, որոնցից 262-ը ձերբակալվել է, իսկ 39-ը արտահանձնվել է, նշեց ԱԿԲ պետը:
«Մեր կողմից նաեւ հատուկ միջոցառումներ են անցկացվում Հայաստանի քաղաքացիների եւ ենթադրաբար հայազգի անձանց վերաբերյալ, որոնք հետախուզվում են այլ պետությունների կողմից: Այս պահին Հայաստանի 549 քաղաքացի կամ հայազգի անձ միջազգային հետախուզման մեջ է, 118-ը հետախուզվում է ազգային մակարդակով»,- հավելեց Արա Ֆիդանյանը: