Թուրքիայում էրդողանականները ծեծի են ենթարկել ազգայնականներին, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քըրշեհիր նահանգում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության անդամների միջև, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Նշվում է, որ Էրդողանի գլխավորած կուսակցության կողմնակիցները հարձակվել են ազգայնականների վրա, հարձակման ենթարկվածների թվում է եղել նաև ՏԻՄ ընտրությունների շրջանակներում «Ազգային շարժման» առաջադրած թեկնածուի՝ Հասան Հուսեյին Քյոշքերի եղբայրը՝ Հուլուսի Քյոշքերը:
Հայտնի է, որ հարձակվողները եղել են 50-60 հոգի՝ մոտ 10-15 մեքենաներով: Աղբյուրը նշում է, որ էրդողանականները Հուլուսի Քյոշքերին շփոթել են իր եղբոր հետ, և հարձակումն իրականում պլանավորված էր հենց ՏԻՄ ընտրություններին մասնակցող Հասան Հուսեյին Քյոշքերի դեմ:
Միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Պարբերականը տեղեկացնում է, որ ծեծկռտուքի ժամանակ կիրառվել է նաև հրազեն, մասնավորապես լսվել է 4 կրակոց:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: