Թուրքիայի Էդիրնե քաղաքի հրեական սինագոգում տեղի հայերին նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Էդիրնե քաղաքի Մեծ Սինագոգում ցուցահանդես է կազմակերպվել Էդիրնեի հայության մասին, այս մասին հայտնում է vatandasgazetesi.com.tr-ը:
«Էդիրնեն և հայ համայնքը» խորագրով ցուցահանդեսին ներկա են գտնվել Էդիրնեի ոստիկանապետ Ալի Քեմալ Քուրթը, Էդիրնեի Հիմնադրամների շրջանային կառույցի ղեկավար Օսման Գյուներենը և Թուրքիայում հրեա համայնքի նախկին ղեկավարներից Սիլվիո Օվադիան: Ցուցահանդեսն ուղեկցվել է կենդանի դասական երաժշտությամբ:
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ տեղի սինագոգում իրենք փորձում են ներկայացնել ոչ միայն հրեական, այլ նաև Էդիրնեի անցյալին ու այստեղ եղած մշակույթներին վերաբերող կարևոր նյութեր:
Հայտնի է, որ նախագծի համար հիմք է ծառայել ծագումով Էդիրնեից ֆրանսահայ Առաքելյան ընտանիքի ժառանգներից Րոյ Առաքելյանի աշխատությունը`նվիրված Էդիրնեի հայերին: