Ադրբեջանական կողմը հայտնել է զինվորի կորստի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում այսօր տեղի ունեցած միջադեպին: Ինչպես գրում է Minval.az-ը՝ հղում անելով նախարարության հաղորդագրությանը, ադրբեջանական կողմը հերքել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց դիրքերն առաջ տանելու մտադրությամբ ինժեներական աշխատանքներ կատարելու մասին տեղեկությունը:
Ըստ ադրբեջանական կողմի՝ միջադեպ է տեղի ունեցել, ինչի ժամանակ ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։
Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, տուժողներ չեն եղել: