«Այ, էս տաքսու վարորդի տեսակն է ինձ համար հասարակությունը». Վահրամ Թոքմաջյան
ԲԼՈԳ«Չեմ կարող չպատմել:
Տաքսու վարորդը 60-ին մոտ, կիրթ խոսվածքով տղամարդ էր: Այնքան կիրթ, որ նույնիսկ չէր հայհոյում կարգազանց վարորդներին ու հետիոտներին: Զանգ եկավ հեռախոսին: Անջատեց, հուզմունքը զսպեց ու հետ զանգեց: Հուզմունքը զսպել էր՝ դողացող ձայնից ակնհայտ էր, բայց գորովանքն անթաքույց էր ու բնական ազատության մեջ.
-Հա տղես, արդեն դիրքե՞ր եք գնում: Լա՞վ է քո մոտ: Սպասում էի, որ էսօր զանգելու ես:
Մյուս կողմից եկող պատասխանները բնական է, որ չէի լսում:
-Տղես, էդ Մեղրիի գողականներից ձեր մոտ են բերե՞լ: Չթողեք թփրտան, գողական գնան: Կռիվ չանեք: Պարզապես միասնական եղեք ու չթողնեք, որ իրենց գողական բարքերը ձեր մոտ տարածեն: Դուք ուրիշ բանի համար եք էդտեղ, տղես: Ավելի, շատ ավելի կարևոր բանի համար եք էդտեղ: Եթե միասնական լինեք, պարզապես չեն համարձակվի: Դուք պետության խնդիրն եք լուծում, չպետք է թողնենք, որ նրանք ձեր մտածողությունը փչացնեն:
Չգիտեմ որդին ինչ ասեց, իրենց մոտ են տարել, թե՝ ոչ:
Էլի խոսեցին՝ կենցաղից, հարևաններից, ողջությունից և այլն:
Այ էս տաքսու վարորդի տեսակն է ինձ համար հասարակությունը: Այ իր տեսակն է ինձ համար հասել մի մտածողության ձևի, որի մեջ մենք դնում ենք ազգայինի իմաստը: Այ քաղաքացին ինքն է:
Հ. Գ.
Որդին Թալիշում է ծառայում»,-ֆեյսբուքուքյան իր էջում գրում է Վահրամ Թոքմաջյանը: