Մեծ Բրիտանիան սկսել է պատրաստվել Եվրախորհրդարանի ընտրություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան սկսել է պատրաստվել Եվրախորհրդարանի ընտրություններին՝ Brexit-ի երկարատև հետաձգման հեռանկարի ֆոնին:
Ինչպես գրում է Корреспондент-ը, Բրիտանիայի կառավարությունը նախօրեին պաշտոնապես տեղեկացրել է տեղի իշխանություններին ընտրություններ անցկացնելու մասին և արդեն համաձայնել է վճարել նախնական պատրաստությունների համար:
Նշվում է, որ քաղաքային խորհուրդների և դպրոցների տարածքները երկրում արդեն ամրագրվել են որպես ընտրատեղամասեր: Տասնյակ միլիոնավոր քվեաթերթիկների պատրաստման պատվերի հայտարարություններ են տրվել:
Վարչապետ Թերեզա Մեյը խոստովանել է, որ ըստ օրենքի՝ Միացյալ Թագավորությունը պարտավոր է ընտրություններ անցկացնել, եթե մայիսի 23-ից հետո մնա Եվրամիության կազմում:
Կառավարությունում ընդգծում են նաև, որ Մեծ Բրիտանիան դեռ կարող է չեղարկել ընտրությունները մինչև մայիսի 22-ը, եթե մինչ այդ երկիրը կարողանա համաձայնության գալ ԵՄ կազմից դուրս գալու պայմանների շուրջ:
Թերեզա Մեյը ԵՄ ղեկավարությունից խնդրել է հետաձգել Brexit-ը մինչև հունիսի 30-ը: Եվրամիությունն, իր հերթին, դիտարկում է մեկ տարով հետաձգման հնարավորությունը, որը կարող է և կրճատվել անհրաժեշտության դեպքում: