«Այսօրինակ ուղերձները խիստ դատապարտելի են». Էդգար Էլբակյան
ԲԼՈԳ«Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելուս բերումով ես ջանում եմ խիստ հավասարակշռված և զուսպ դիրքորոշումներով հանդես գալ բուն ներքաղաքական անցքերի առթիվ, իսկ մեկնաբանություններս սահմանափակել զուտ գիտական-վերլուծական ժանրի հրապարակումներով (վերջինը որպես օրինակ՝ տե՛ս «Փաստ» օրաթերթին տված հարցազրույցս՝ https://past.am/?p=216451&l=am)։
• Բայց լինում են դեպքեր ու երևույթներ, որոնց ժամանակ քաղաքացու ու ազգային մտածողի խղճմտանքս ու պարտականությունս ավելի վեր են, քան ցանկացած պաշտոն կամ էթիկական կաշկանդում։
• Voice of America - VOA-ին տվածհարցազրույցում (տե՛ս https://av.voanews.com/…/ced1f659-0bee-47d1-bc17-9822cdd337…) Հայաստանի ղեկավարի տիկինը հետհրադադարյան տարիներին հայաստանյան մարտական կորուստները, այդ թվում՝ 2016 թ․ապրիլյան պատերազմի զոհերը անվանում է «զոհված հանուն ոչնչի»։ (Անհարկի շահարկումների ու շաբլոն «խոսքը կոնտեքստից կտրված ա» մանկամիտ «փաստարկաշարժության» դաշտ չտեղափոխվելու համար ինքնե՛րդ լսեք այս տեսանյութի՝ 10:10-րդ րոպեից սկսվող հատվածը)։ Ֆորմալ առումով, իհարկե, այս կինն անպաշտոն զրուցատու է, սակայն կարևորը ոչ թե ֆորմալն է, այլ դե-ֆակտոն, իսկ որպես այդպիսին նրա խոսքն ընկալվում է պաշտոնական, քանզի փաստացիորեն նա իշխող վերնախավի մաս է։
• Ուստի, այսօրինակ ուղերձները խիստ դատապարտելի են, վիրավորական առ մեր ազգի նահատակների ու նրանց հարազատների հիշատակը։ Այնկեղծ փաստարկը, թե իբր զոհերն անիմաստ էին, քանզի «չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը» չի կարող դիմանալ փորձագիտական որևէ քննադատության։ Եթե չլինեին մեր հետհրադադարյան պատերազմական նահատակները, հակամարտության «կարգավորումը» շատ էլ լավ կմոտենար․ պարզապես դա կլիներ «կարգավորում ադրբեջանական տարբերակով»։ Հետհրադադարյան ցանկացած մարտական կորուստ, ցանկացած նահատակ զինծառայող շարունակողն է 1993 թ․դեկտեմբերին թշնամու կողմից սանձազերծված և փաստացի մինչ օրս ավարտին չհասած մասշատաբային հակահարձակման, որի նպատակն է ճեղքել մեր պաշտպանության գիծը և հակամարտության բոլոր ասպարեզներում ուժերի դասավորվածությունը փոխել հօգուտ Ադրբեջանի։
• Վերոգրյալը հաշվի առնելով՝ որևէ արդարացում չի կարող բերվել, թե սա «արտաքին լսարանի համար ասվող» (հայերեն լեզվո՞վ) տեքստ է, քանզի սա առաջին հերթին մատնում է այն մտածողությունը, որ, ինչպես նշեցի, վիրավորական է հայ ազգի և նրա հերոսների հիշատակի առաջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։