Մեկնարկել է ԵԽԽՎ նստաշրջանը. այստեղ Փաշինյանը կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը
ПОЛИТИКАԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր՝ ապրիլի 8-ին սկսել է իր գարնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը: Այս նստաշրջանը կառանձնանա նրանով, որ այստեղ ապրիլի 11-ին ելույթ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:
Արդեն այսօր հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:
ԵԽԽՎ-ում օրակարգային հարց է` ինչպե՞ս կանխել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը, ինչպիսի՞ դեր ու պատասխանատվություն ունեն քաղաքական առաջնորդներն այդ խնդիրը լուծելու համար: Վեհաժողովը քննարկելու է նաեւ անդամ երկրների` միջազգային կառույցների հետ համագործակցությանը, փողերի լվացմանը, ինչպես նաեւ սոցիալական մեդիային, հնարավոր սպառնալիքներին վերաբերող հարցեր:
Փաշինյանը ԵԽԽՎ-ում հանդիպումներ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։
Վարչապետ Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը: