Իրանի ԱԳՆ-ն առաջարկել է ԱՄՆ-ի զինված ուժերն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարարությունն Ազգային անվտանգության գերագույն խորհրդին առաջարկել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ահաբեկչական կազմակերպութոյւնների ցուցակում ընդգրկել, գրում է РИА Новости-ն՝ երկրի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքին հղումով:
«Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Հասան Ռոհանիին ուղղված նամակում առաջարկել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերին՝ հայտնի որպես CENTCOM, ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արտգործնախարարությունից հայտնել են, որ ԱՄՆ զինված ուժերն աջակցում են Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումներին և մասնակցում ահաբեկչական գործողություններին:
Նման առաջարկը հետևել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ Միացյալ Նահանգները Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» է ճանաչում:
ԱՄՆ իշխանությունների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Իրանը ոչ միայն ահաբեկչությունը հովանավորող երկիր է, այլ նաև Հեղափոխության պահապանների կորպուսն ակտիվորեն մասնակցում է դրա ֆինանսավորմանն ու ահաբեկչությունը կիրառում է որպես պետական կառավարման գործիք: