Պատուհաս դարձած ևս մի ճանապարհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» թերթն իր հրապարակումներում քանիցս անդրադարձել է ճանապարհների վիճակին, հրապարակել ենք նաև տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության պատասխանը ճանապարհների վերանորոգման աշխատանքների ժամկետների մասին: Սակայն դժգոհությունները նորանոր հասցեներ են ընդգրկում: Մասնավորաբար, արդեն առիթ ունեցել ենք նշել, որ ահավոր վիճակում է գտնվում Ալավերդի քաղաքի Սանահին կայարան տանող հատվածը, որը մայրուղու մի մասն է կազմում: Աշխատանքների ընթացքը դադարեցված է նոյեմբերից, և այդ քարուքանդ վիճակում, քաղաքացիները, մեքենաները վնասելով, հարկադրված են երթևեկել: Երեկ ահազանգ ենք ստացել, որ նմանօրինակ մի պատկեր է Ալավերդուց մինչև Ախթալա ընկած հատվածում, որտեղ ջրափոսերն ու փլուզված ժայռաբեկորները մեքենաների համար ուղղակի պատուհաս են դարձել: Ճանապարհին այնպիսի անանցանելի տեղեր կան, որ հանդիպակաց մեքենաներն ուղղակի ի վիճակի չեն անցնել կողք կողքի: Այս ահազանգերը հրապարակելով՝ հրավիրում ենք ոլորտի պատասխանատուների, այդ թվում՝ Լոռու մարզպետի և ՏԿՏՏ նախարարության ուշադրությունը: