Ռուսաստանը չի թուլացնի ուշադրությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում. Վալենտինա Մատվիենկո
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման համար և այսուհետ էլ չի թուլացնի ուշադրությունն այդ խնդրին: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի (Միլլի Մեջլիս) նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը:
«Դուք գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը: Մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի խաղաղ լուծում գտնենք այդ խնդրին, քանի որ այլ լուծում չկա», - ասել է Մատվիենկոն:
Վերջինս հիշեցրել է, որ առաջիկայում Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Քայլ առ կայլ, կարծում եմ, մեզ միասին կհաջողվի փոխզիջման գալ, առաջ գնալ և լուծում գտնել: Վստահեցնում եմ, որ Ռուսաստանը չի թուլացնելու ուշադրությունն այս հարցին», - հավելել է Մատվիենկոն: