Քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղու» 10 տարվա գործունեությունը և շուրջ 110 մլրդ դրամի ներդրումների արդյունավետությունը․ ՔԿ-ն՝ չարաշահումների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԻ-ի հետ կապված հայտարարությանը:
Դիտարկմանը, որ գրեթե մեկ տարի առաջ է հայտարարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում հայտնաբերված 60 միլիոն դոլարի չարաշահման մասին, Հարությունյանն արձագանքեց, որ քրեական գործը բազմադրվագ է և մեծածավալ։ «Քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության 10 տարվա գործունեությունը, ստուգվում է շուրջ 110 մլրդ ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են մեծածավալ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- շարունակեց նա։
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետը հավելեց՝ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց գործողություններին կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ:
Նշենք, որ այսօր ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մասին։
«Ես շարունակում եմ ահազանգեր ստանալ երկաթուղայիններից, ովքեր մտահոգ են իշխանության լռությամբ։ Մարդիկ հանգիստ չենք կարող նստել իրենց տեղերում, ի՞նչ եղավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումը։ Հեղափոխությունն այդպես էլ երկաթուղի չհասավ»,- գրել էր Գորգիսյանը՝ նկատելով, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Գյումրի՝ Երևան-Գյումրի գնացքով, և ոչ ոք չանդրադարձավ չարաշահումների թեմային»,-գրել էր նա։
Հիշեցնենք, որ 2018 թ․-ի օգոստոս ամսին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարված խուզարկության արդյունքում բացահայտված խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայկական դուստր ընկերությունում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում, հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում։