Իշխանական խմբակցությունը տապալո՞ւմ է ՍԴ անդամի ընտրությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ ընտրվելու է ՍԴ անդամ դատավոր. այդ պաշտոնը թափուր է մոտ մեկ տարի: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է իրավաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, ինչը, մեղմ ասած, այնքան էլ իշխանական խմբակցության սրտով չէ, և իրենց հարցազրույցներում նրանք այդ մասին քանիցս ակնարկել են:
Քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները թիրախավորել էին ՍԴ անդամի թեկնածուին և սուր հարցերի տարափ էին տեղում: Սրան գումարվում էին նաև պրոցեսուալ առումով դիտարկումները, այդ թվում՝ ԱԺ նախագահի կողմից: Վերջինս պարզ ակնարկեց, որ առկա հարցերի համատեքստում առկա է ԱԺ նկատմամբ հարգանքի խնդիր: Ըստ էության, այս ամենից երևում է, որ, ամենայն հավանականությամբ, իշխանությունները տապալելու են այս քվեարկությունը, քանի որ ունեն իրենց «սեփական» դատավորի թեկնածուն՝ հանձին Վահե Գրիգորյանի, ում համար էլ փոխել էին ԱԺ կանոնակարգ օրենքը՝ այն հարմարացնելով Գրիգորյանի ևս մեկ անգամ առաջադրվելու հնարավորությանը: