Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ահ­ռե­լի մո­լո­րու­թյուն, որն ար­դեն իսկ Հայաս­տա­նի տնտե­սո... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վիճակագրական կոմիտեի նախագահի դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Չմա­րող կրքեր հան­քար­դյու­նա­բե­րու­թյան շուրջ. իշ­խա­նու­թ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

100 տո­կո­սա­նոց կա­տա­րո­ղա­կան՝ զրո ար­դյուն­քով.այդպիսին է անձնակենտրոն իշխանության բնույթը

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը բովանդակային առումով հարուստ համարել չի կարելի։ Վարչապետն, ըստ էության, երկու ժամ շարունակ խոսեց, իր կարծիքով, նվաճումների մասին, որոնց անդրադարձել էր իր` վերջին շրջանի գրեթե բոլոր ելույթներում ու գրառումներում։

Առհասարակ՝ տպավորություն էր, թե Նիկոլ Փաշինյանի լայվի իմաստն այն է, որ տարբեր թվերի, անչափելի փաստարկների միջոցով ցույց տա, որ անցած մեկ տարում կատարել է իր բոլոր խոստումները։ Փաշինյանի նման ձգտումն արտառոց կամ զարմանալի չէ. մի կողմից՝ ակնհայտորեն անկում է ապրում նրա կառավարության վարկանիշը, մյուս կողմից՝ ընդդիմությունն ավելի հաճախ է բարձրաձայնում, թե վարչապետը չի կատարում իր խոստումները։ Օրինակ՝ խորհրդարանական վերջին քառօրյա նիստերում ԲՀԿ պատգամավորները բացահայտորեն նշում էին, որ իրենց համար տեսանելի չեն տնտեսական հեղափոխության արդյունքները, իսկ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները հիշեցնում էին, որ Փաշինյանը հրաժարվել է իր մեկ տարվա վաղեմության խոստումից ու պահպանում է կառավարման այն համակարգը, որը ժառանգություն է ստացել Սերժ Սարգսյանից։

Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բերում էր բազմաթիվ փաստարկներ, որոնց միջոցով ցանկանում էր ցույց տալ, թե անցած մեկ տարվա ընթացքում երկրում տեղի են ունեցել որակական փոփոխություններ։ Դժվարանում ենք ասել, թե հասարակության համար ինչքանով համոզիչ եղան վարչապետի փաստարկները։

Անդրադառնալով մենաշնորհների խնդրին՝ վարչապետը հայտարարել է, որ այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող ասել, որ ունի մենաշնորհ՝ առնվազն հնարավորությունների իմաստով: Ֆորմալ առումով՝ մոնոպոլիաներ գուցե իսկապես չկան, սակայն համակարգային հարթության վրա այս խնդիրն ամենևին էլ չի լուծվել։ Հայաստանի տնտեսության կառուցվածքը մնացել է նույնը, բնույթով՝ օլիգարխիկ, ինչը նշանակում է, որ մենաշնորհների վերացում համակարգային մակարդակում տեղի չի ունեցել։ Համենայն դեպս, մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր արդյունքը պետք է լիներ համապատասխան ապրանքների գների նվազումը, որը ոչ միայն տեղի չի ունեցել, այլև հետհեղափոխական շրջանում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճ են գրանցել։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ակնհայտորեն հակասության մեջ էր մտնում ընդամենն օրեր առաջ արտահայտած իր որոշ մտքերի հետ։

«Շատ կարևոր է հասկանալ մի բան, որ երկրի վարչապետը չպետք է գնա բոլոր տեղերը մտնի և ասի, թե որտեղ ինչ պետք է լինի»,- կառավարության վերջին նիստում արդարացիորեն նկատել էր Նիկոլ Փաշինյանն՝ ըստ էության ընդունելով փորձագիտական շրջանակներից գրեթե ամեն օր հնչող այն դիտողությունները, որ ձևավորված չէ կառավարման արդյունավետ համակարգ, էլ չասած՝ վարվող, մեղմ ասած, անհաջող կադրային քաղաքականության մասին։

Թվում էր՝ Փաշինյանը սկսել է ադեկվատ արձագանքել հնչող քննադատություններին, սակայն ընդամենը մեկ օր անց Փաշինյանը հակադրվել է ինքն իրեն՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ով պնդում էր, որ կառավարությունում միայն Փաշինյանն է աշխատում: «Ես մտածում եմ, որ, որպես վարչապետ, քաղաքական գործիչ, մարդ, չափից ավելի մեծ ուշադրություն են կենտրոնացնում ինձ վրա, և մյուսների արած աշխատանքը չի երևում: Երբեմն ինձ թվում է, որ մամուլն ու սոցիալական ցանցերը չափից ավելի մեծ ուշադրություն են դարձնում ինձ վրա, այդ պատճառով չեն նկատում կառավարության բազմաթիվ անդամների աշխատանքը: Այն արդյունքները, որ այսօր ունենք, թիմային աշխատանքի արդյունք է», – ասել է Փաշինյանը: Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ ինքը հայտնի է, վստահություն ունի, իսկ քննադատությունը հակառակ ազդեցություն է թողնում, դրա համար քննադատում են իր թիմի անդամներին, որպեսզի թուլացնեն կառավարությանը։

Ինքնին հասկանալի է, որ վարչապետի ինֆորմացիան, մեղմ ասած, ամբողջական չէ։ Նիկոլ Փաշինյանն առայժմ ուղղակիորեն չի քննադատվում, որովհետև մարդիկ դեռ չեն կորցրել հույսը, որ նա կհրաժարվի ձախողված ու ապաշնորհ կադրերից, սակայն հեռու չէ այն օրը, որ դժգոհությունների կիզակետում կհայտնվի հենց վարչապետը՝ պատասխանատու դառնալով, ասենք, Երևանի աղբահանության կամ մարզային դպրոցում տիրող իրավիճակի համար։

Այդպիսին է անձնակենտրոն իշխանության բնույթը, երբ մարդիկ աստիճանաբար ամբողջ իշխանությունը նույնացնում են կոնկրետ մարդու, դրա ղեկավարի հետ։ Մասնավորապես, դրանով է պայմանավորվում այն հանգամանքը, որ Ռուսաստանում այժմ անկում է ապրում Վլադիմիր Պուտինի վարկանիշը, դրանից չի կարող խուսափել նաև Նիկոլ Փաշինյանը, եթե անհրաժեշտ հետևություններ չանի։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

website by Sargssyan