Երկրների անուններ, որոնք առաջացել են թյուրիմացության արդյունքում
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄենք գիտենք, որ...
Ժամանակին երկրներ հայտնագործելով՝ եվրոպացի ճանապարհորդները և հայտնագործողները այդ երկրները և տարածքները անվանել են կա՛մ իրենց անունով, կա՛մ ըստ տեղաբնակ ազգերի ու ցեղերի անունների, կա՛մ էլ հանրահայտ մարդկանց կամ իրադարձությունների անվանումներով։
Իրականում այս հարցն այնքան էլ միանշանակ չէ։
Պարզվում է, որ եվրոպական ռոմանագերմանական քաղաքակրթությունը իրականում տարբեր ժամանակներում և տարբեր կերպ այնպես է խեղաթյուրել աշխարհագրությունը, որ դա անգամ երբեմն հակամարտությունների է հանգեցրել։ Իրականում աշխարհով մեկ աշխարհագրական քարտեզներում կարելի է հանդիպել կղզիների, արշիպելագների, երկրների և աշխարհագրական տարածքների այնպիսի անվանումների, որոնք ոչ մի կապ չունեն ինչպես այդ տարածքի իրական անվան, այնպես էլ այդ տարածքներում ապրող մարդկանց հետ, և այդ անվանումները ծագել են ընդամենը մոլորությունների արդյունքում։ Նշենք մի քանի այդպիսի դեպքեր։ 1571 թվականին իսպանացիները ափ են իջել մինչև այդ ժամանակները անհայտ, բայց ծաղկող մի երկիր։ Տեղաբնակները իսպանացիների այն հարցին, թե ինչպես է կոչվում այդ երկիրը, պատասխանել են «յուկատան» (կամ՝ տեկտական), որը թարգմանաբար նշանակում է՝ «ես քեզ չեմ հասկանում»։
Իսպանացիներին թվացել է, թե դա երկրի անվանումն է, և արդյունքում Կենտրոնական Ամերիկայի այդ տարածքը մինչև հիմա կոչվում է Յուկատան թերակղզի։ 18-րդ դարի երկրորդ կեսին անգլիացի ճանապարհորդ Դևիդ Լիվինգտոնը հասել է Կոնգո գետի ամենամեծ վտակներից մեկին և տեղաբնակներին տրված հարցին, թե ինչպես է կոչվում այդ գետը, ստացել է պատասխան՝ «արուվիմի», այսինքն՝ դարձյալ՝ «ես քեզ չեմ հասկանում»։ Այդ իսկ ժամանակից սկսած այդ գետը այդպես էլ կոչվում է՝ Արուվիմի։ Նմանապես եվրոպացի ճանապարհորդները մի անգամ ափ իջնելով Ալ յասկայի մոտ գտնվող հրաբխային կղզիներից մեկում, տեղացի բնակիչներին տվել են նույն հարցը՝ որտեղ են իրենք գտնվում և ինչ ժողովուրդ են իրենք, տեղաբնակները պատասխանել են «ալեուտ»։ Ինչպես դժվար չէ հասկանալ, տեղաբնակները ընդամենը պատասխանել են, որ չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Արդյունքում միայն հետագայում է պարզվել, որ այդ տարածքի տեղաբնակներին կոչում են ունանգանի, սակայն բնակիչների անունը այդպես էլ մնացել է ալեուտներ, իսկ կղզիները կոչել են Ալեուտյան։ Այնպես չէ, որ ամեն անգամ եվրոպացիների խոսքերին պատասխանել են՝ «ես քեզ չեմ հասկանում»։ Եղել են ավելի զավեշտալի դեպքեր։ Ամերիկյան հետազոտող եվրոպացիները մի անգամ հասել են մինչ այդ անհայտ ջրառատ գետի։ Իջնելով ափ՝ նրանք մոտեցել են ափին խփված առաջին վիգվամին և, հանդիպելով ընդառաջ եկած հնդկացիներին, ինչպես ընդունված է նման դեպքերում, հարցրել են, թե ինչպես է կոչվում այդ երկիրը ։ Վերջիններս, չհասկանալով հարցը, ինչպես և ընդունված է, պատասխանել են «կանատա», որը իրոկեզների լեզվից թարգմանաբար նշանակում է գյուղ, ավան։ Արդյունքում, առանց խորանալու պատասխանի մեջ՝ այդ հսկայական տարածքը կոչվել է Կանադա՝ որպես ոչ թե գյուղի, այլ երկրի անուն։ Չիլիի անվանումը ևս սխալի արդյունք է: Բանն այն է, որ հասնելով Պերուի հարավային սահմաններին՝ իսպանացի կոնկիստադորները, ձեռքով հարավ ցույց տալով, հարցրել են տեղաբնակ ինկերին, թե ինչ երկիր է գտնվում հեռվում երևացող սարերի հետևում։ Ինկերին թվացել է, թե իսպանացիները հարցնում են բարձրադիր ձյունածածկ Անդերի լեռների մասին և պատասխանել են, որ այնտեղ չիլի է, այսինքն՝ ցուրտ է։ Հպարտ կոնկիստադորները, ինչպես «զտարյուն» եվրոպացիներ, չեն էլ փորձել ճշտել, թե ինչ է նշանակում չիլի, և արդյունքում աշխարհագրական քարտեզում հայտնվել է Չիլի երկիրը։ 1560 թվականին պորտուգալացի նավագնացները ափ են իջել Աֆրիկայի հարավ–արևմտյան հատվածում։ Երկիրը, որտեղ նրանք ափ էին իջել, կոչվում էր Նգոն-դո, իսկ այդ երկրի թագավորը ուներ «անգոլա» կոչումը, այնպես, ինչպես, ասենք, Ռուսաստանում՝ «ցարը»։ Սակայն գաղութարարներին այդ ամենն այնքան էլ շատ չէր հետաքրքրում՝ արդյունքում այդ տարածքը կոչվեց Անգոլա։ Նմանատիպ պատմություն կա նաև Մոզամբիկի հետ կապված։ Իրականում այնտեղ պորտուգալացիները տարածքի անվան տեղ ընդունել էին տեղի մի ոչ մեծ կղզու թագավոր ՄուսաԲեն-Մբիկի անունը՝ ձևափոխված Մոզամբիկ։ Իսկ ահա խոշոր պերուական քաղաք Արեկիպայի անվան առաջացումը իրոք անեկդոտային է։ Երբ 16-րդ դարում այստեղ հայտնվել են առաջին իսպանացի կոնկիստադորները, նրանցից մեկը, մատով ցույց տալով գետինը, հարցրել է ինկերի թագավորին, թե ինչպես է կոչվում երկիրը։ Թագավորը կոնկիստադորի ժեստը հասկացել է որպես հոգնած ճանապարհորդի՝ իր ներկայությամբ նստելու թույլատրության խնդրանք, և պատասխանել է «արեկիպա», այսինքն՝ նստիր։
Էլ ավելի ծիծաղելի պատմություն է տեղի ունեցել ֆրանսիացի գաղութարարների հետ։ Առաջին անգամ ափ իջնելով անմարդաբնակ Կարմիր ծովի ափերին՝ նրանք հանդիպել են միայն քոչվոր բեդուինի մի ընտանիքի անդամների, որոնք օջախի կրակի վրա կաթսայի մեջ ապուր էին պատրաստում։ Կոտրատված արաբերենով ֆրանսիացիները ընտանիքի մեծին հարցրել են, թե ուր են իրենք ընկել և ինչ է կրակին։ Ստացվել է այնպես, որ ընտանիքի մեծը, շփոթված լինով, լավ չի հասկացել առաջին հարցը, և տեսնելով ֆրանսիացիների քաղցած հայացքը օջախին՝ պատասխանել է «ջիբութի», որը նշանակում է՝ «դա իմ կաթսան» է։ Իսկ ֆրանսիացիներին թվացել էր, որ նա պատասխանել է առաջին հարցին։ Հետագայում Ջիբութի կոչվեց այդ տարածքում կառուցված նավահանգիստը, իսկ 1977 թվականին անգամ այդ տարածքում ստեղծված նոր պետությունը։
Անկեղծ՝ շատ լավ է, որ Հայաստանն անհամեմատ հին պատմություն ունի և այն եվրոպացիները չեն հայտնագործել: Թե չէ գուցե մեր երկիրն էլ կոչվեր Չեմհասկանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը