Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
МЕЖДУНАРОДНОЕ Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին քվեարկությամբ հաստատել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կարեկցանք հայտնելու բանաձևը, որը ներկայացրել էր պատգամավոր Պաուլու Տրիգո Պերեյրան:
Քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել 4 պատգամավոր: Ընդունված բանաձևի համաձայն՝ «ապրիլի 24-ը նշվում է որպես հայ ժողովրդի կոտորածի սկիզբ, երբ 1915 թվականին այդ օրը 250 հայ մտավորականի և համայնքային առաջնորդների ձերբակալել և գլխատել են»:
Նաև նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիներին ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800,000-ից մինչև 1,5 մլն։
«Այս հիշատակի տուրքը դաս է մեր ժամանակների համար, քանզի համաշխարհային մասշտաբի հասնող քսենոֆոբիայի, ազգայնականության և անհանդուրժողականության առկայության դեպքում անհրաժեշտ է հիշել անցյալի անդունդները»,- ասվում է փաստաթղթում:
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է նաև Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը և ներկայացրել բանաձևի բնօրինակն ու հայերեն թարգմանությունը։