Ինդոնեզիայում ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ գերհոգնածությունից մահացած աշխատակիցների թիվը հասել է 272-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայում անցկացված ընտրությունների կազմակերպմանը ներգրավված 272 աշխատակից մահացել են, ևս 1878-ը հիվանդացել են գերհոգնածությունից, ինչը պայմանավորված է եղել չհամակարգված աշխատանքով:
Ինչպես հաղորդում է dw.com-ը՝ հղում անելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղարին, ֆինանսների նախարարությունն աշխատում է մահացածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու ուղղությամբ:
Ինդոնեզիայում ապրիլի 17-ին միաժամանակ ընտրել են նախագահի, երկպալատ խորհրդարանի պատգամավորներին, տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմիններին:
Ընտրություններին ընդհանուր առմամբ 245 000 թեկնածու է մասնակցել, որոնք պայքարել են 20 000 պատգամավորական տեղի համար: Աննախադեպ ընտրությունների շրջանակներում պահանջվում էր միլիոնավոր քվեաթերթիկներ հաշվել ձեռքով: Վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն:
810 000 տեղամասում ընտրությունների կազմակերպման և անցկացման համար շուրջ 6 մլն աշխատակից է ներգրավվել: Փորձագետներն այս ընտրություններն ամենաբարդն են անվանել ողջ աշխարհում: Ավելի վաղ հաղորդվում էր 50 զոհված աշխատակցի մասին: