Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Ս-400-ների գծով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ամերիկացի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում նրան առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
«Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա հնչեցրել է Ս-400-ի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ չի հրաժարվի Ս-400-ներ գնելու պլաններից եւ որ ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը երկիր կգա հուլիսին։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչների հետ, սպառնում է պատժամիջոցներով դրանց հնարավոր ձեռքբերման համար եւ քանիցս ասել է, որ կարող է ձգձգել կամ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 ինքնաթիռների վաճառքը։ Թուրքիան F-35-ի ստեղծման գծով ԱՄՆ միջազգային ծրագրի մասնակիցներից մեկն է։ Թուրքիայում քանիցս հայտարարել են նաեւ, որ Ս-400-ները սպառնալիք չեն ներկայացնում ամերիկյան F-35-ներին։