Մեծ Բրիտանիայում ռազմական լաբորատորիաներում գաղտնի փորձարկումների հետևանքով շուրջ 50 հազար կենդանի է սատկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեծ Բրիտանիայի Ուիլշիր կոմսությունում՝ «Փորթոն Դաուն» ռազմական տեխնոպարկի գիտատեխնիկական լաբորատորիայում, գաղտնի փորձարկումների հետևանքով 48,4 հազար կենդանի է սատկել, գրում է The Mirror-ը:
Փորձարկումներն իրականացվել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարության ներքո՝ կառավարության հետազոտական բազայի տարածքում: 2017-2017թթ. կենդանիների վրա փորձարարական քիմիական և կենսաբանական պրեպարատներ են թեստավորվել:
Հաղորդվում է, որ խոզերին զրահաբաճկոնի համար նախատեսված նյութով են պատել, ապա մոտակայքում պայթուցիկ տեղադրել, ինչի հետևանքով կենդանիները խեղվել և սատկել են: Ենթադրվում է, որ փորձարկումները նպաստել են ավելի ունիվերսալ փամփշտակայուն բաճկոնների ստեղծմանը:
Նշվում է նաև, որ կապիկների վրա քիմիական զենք է փորձարկվել, իսկ ծովախոզուկների վրա՝ թունավոր նյութեր:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարծում են, որ կատարելագործված զինամթերքն անհրաժեշտ է զինվորներին, որոնք գտնվում են այնպիսի թեժ գոտիներում, ինչպիսին Իրաքն է: Պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ իրականացված փորձարկումներն օգնել են բժիշկներին մարտերում վիրավորված շատ բրիտանացի զինծառայողների կյանքեր փրկել:
Կենդանապաշտպաններն իրենց հերթին կարծում են, որ փորձարկումներն անհարկի են եղել, և որ սպանված կենդանիների թիվը մտահոգիչ է: