Պոմպեոն չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է Վենեսուելայում ռազմական գործողություն անցկացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական գործողություններ ձեռնարկելու, որպեսզի դադարեցնի Վենեսուելայում շարունակվող անկարգությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Ռազմական գործողությունները հնարավոր են: Եթե դրա անհրաժեշտություն ծագի, ԱՄՆ-ն դա կանի»,- ասել է Պոմպեոն Fox Business Network-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կնախընտրեր Վենեսուելայում իշխանության խաղաղ փոխանցումը:
«Մենք աշխատում ենք հնարավոր ամեն ինչ անել բռնությունից խուսափելու համար... Մենք կնախընտրեինք կառավարության խաղաղ փոխանցումը, Նիկոլաս Մադուրոյի հեռացումը եւ ընտրությունների անցկացումը»,- նշել է Պոմպեոն:
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկել Կուբայի կողմից աջակցությունը կասեցնելու համար: Նա նշել է, որ համանման միջոցներ կարող են ձեռնարկվել Ռուսաստանի դեմ: «Ինչպես ասել է նախագահը (Թրամփը), ժամանակն է, որ նրանք (ռուսները) [Վենեսուելայից] հեռանան»,- ասել է նա: «Մենք նպատակադրված ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի կասեցնենք այդ չարամիտ գործունեությունը, որը խոչընդոտում է [ընդդիմության առաջնորդ] Խուան Գուայդոյին»: