ԵԿՄ-ում պրոցեսն ենք սկսել, նրանք, ովքեր չեն մասնակցել պատերազմին՝ այսօր մաքրվում են ԵԿՄ-ից. Ռուստամ Գասպարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԵԿՄ-ում պառակտում չկա, հակառակը՝ դեռ համալրվում են նոր տղաներով, ովքեր հեռացել էին վարչությունից, այսօր վերադառնում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ Ռուստամ Գասպարյանը, խոսելով ԵԿՄ-ի շուրջ առկա այն լուրերից՝ որ վարչության ներսում պառակտում կա։
«ԵԿՄ-ում մենք մաքրման պրոցեսն ենք սկսել, նրանք, ովքեր չեն մասնակցել պատերազմին, եւ կապ չունեն շարժման հետ՝ այսօր մաքրվում են ԵԿՄ-ից։ Պետք է այդ ամբիցիաները դնենք մի կողմ, թե ինչու ես չլինեմ, ինքը լինի կամ մյուսը լինի։ Մեզ համախմբվել է պետք։ Անկախ նրանից, թե ով է ղեկավարը, չնայած՝ մենք այսօր ընտրել ենք լավագույնին»,- ասաց Գասպարյանը։
Նա բացառեց, որԵԿՄ-ն կարող է գործող իշխանության կցորդ դառնալ. «Այդ կառույցում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներն են, եւ չի կարող լինել այնպես, որ իշխանության կցորդ դառնան: Այն, որ բանակի կողքին ենք, դա միանշանակ, բայց իշխանության կցորդ լինելը բացառվում է»:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի դեպքից հետո ԵԿՄ-ն կազմալուծման վտանգի տակ էր, հիմա գուցե, կա՞ նման վտանգ, Գասպարյանը չհամաձայնեց՝ ասելով, որ ԵԿՄ-ն պատմություն է, եւ իրենց անցած ու ապրած ճանապարհը. «Կազմալուծել պատմությունը՝ ես չեմ ընդունում»,- ասաց Գասպարյանը։