Նշվել են «Շերեմետևոյում» վթարային վայրէջք կատարելիս բռնկված ինքնաթիռի օդաչուների սխալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում մայիսի 5-ին վթարային վայրէջքի ժամանակ բռնկված Sukhoi Superjet 100 ինքնաթիռի օդաչուները վայրէջքից հետո չէին անջատել շարժիչները: Բացի այդ, խցիկում բաց է եղել պատուհանը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին հաղորդում են հետաքննության ընթացքին տեղյակ աղբյուրները: Աղբյուրի տվյալներով՝ օդաչուների սխալներն անուղղակիորեն ազդել են կրակի տարածման վրա: Քննչական կոմիտեի աղբյուրը հայտնել է, որ օդաչուներ Դենիս Եվդոկիմովի և Մաքսիմ Կուզնեցովի ցուցմունքից պարզ է դարձել, որ վայրէջքից հետո նրանք բացել են խցիկի կողային պատուհանը: Փորձագետները կարծում են, որ դա կարող էր մեծացնել օդի շարժման ուժն ու, հետևաբար, այրման արագությունը: Այս տեղեկությունը հաստատել է «Ռոսավիացիան»:
Բացի այդ, ենթադրվում է, որ այրման ընթացքը կարող էր ուժեղանալ այն պատճառով, որ օդաչուները չէին անջատել շարժիչները վայրէջք կատարելուց հետո: Պարբերականի աղբյուրի հաղորդմամբ՝ դրանք աշխատել են մինչև կրակի մարման պահը:
Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի 78 ուղևորներից փրկվել են միայն 37-ը, 41 մարդ մահացել է: