Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հունգարիայի վարչապետին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կընդունի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ հայտնում է Reuters-ը։
«Ճանաչելով ԱՄՆ-ի եւ Հունգարիայի վաղեմի կապերը՝ նախագահն ու վարչապետը կքննարկեն մի շարք հարցերում համագործակցության խորացման ուղիները, ներառյալ առեւտուրը, էներգետիկան եւ կիբեռանվտանգությունը»,- ասվում է Թրամփի վարչակազմի հայտարարության մեջ։
Օրբանի հակամիգրացիոն քարոզչությունները Եվրոպայում համահունչ են Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու Թրամփի ցանկության հետ։
Մայիսի վերջին կայանալիք Եվրամիության ընտրություններից առաջ փախստականների եւ «բրյուսելյան բյուրոկրատների» հանդեպ Օրբանի վերաբերմունքը վանել է նույնիսկ նախկին պահպանողական դաշնակիցներին։
Նրա «Ֆիդես» կուսակցությունը հեռացվել էր ԵՄ խոշորագույն եւ առավել ազդեցիկ քաղաքական ուժից՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունից։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Օրբանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին մեղադրել էր Եվրոպայում միգրանտների հեղեղ ստեղծելու նպատակով դավադրության մեջ։