Թրամփը մեկնաբանել է 1 մլրդ դոլար վնասի մասին հրապարակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ New York Times-ի հրապարակումը այն մասին, թե իր բիզնեսն ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս է կրել 1985-1994 թվականներին, «խիստ սխալ է»։
Նրա խոսքով՝ հայտարարված վնասները «դրամական» չեն եղել, եւ կառուցապատողները, իր նման, այդ ընթացքում իրավունք են ունեցել «զանգվածային դուրսգրումների եւ ամորտիզացիայի»՝ հարկման նպատակներով։
Թրամփի տեղեկության եւ այլ խոշոր բիզնեսմենների տվյալների համեմատությունից հետո Times-ը եզրակացրել է, որ Թրամփը, թերեւս, կորցրել է ավելի շատ փող, քան ամերիկյան ցանկացած այլ հարկատու։ Թերթը տեղեկացրել է, որ իր առեւտրային կորուստների համար Թրամփը չի վճարել եկամտահարկ տասը տարիներից ութում։
Թրամփը Թվիթերում գրել է, որ դեւելոփերներն այդ շրջանում «իրավունք ունեին զանգվածային դուրսգրումների եւ ամորտիզացիայի», որոնք «կցուցադրեին կորուստներն ու հարկային վնասները գրեթե բոլոր դեպքերում»։ Նա նշել է, որ այդ կորուստների մեծ մասը «դրամական» չի եղել։ Նրա խոսքով՝ շատերը «կցանկանային վնաս ցույց տալ հարկման եւ բանկերի հետ բանակցությունների նպատակներով»։ Նման մարտավարությունը Թրամփն անվանել է «սպորտ»։