Ռումինիայում արդարադատության հարցերով հանրաքվե է անցկացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌումինիայում մայիսի 26-ին արդարադատության հարցերով համազգային հանրաքվե է անցկացվել, որին մասնակցել է ընտրողների 40%-ը, ընդ որում՝ հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ է եղել քվեարկելու իրավունք ունեցողների առնվազն 30%-ի մասնակցությունը, գրում է korrespondent.net-ը։
Հանրաքվեի շրջանակներում քաղաքացիները 2 հարցի են պատասխանել․ համաձա՞յն են արդյոք կոռուպցիոն իրավախախտումներ թույլ տված անձանց համաներումն ու պատժի մեղմացումներն արգելելուն և համաձա՞յն են արդյոք կառավարության կողմից արդարադատության համակարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ արտակարգ որոշումների ընդունումն արգելելուն։
Ռումինիայի օրենքների համաձայն՝ հանրաքվեի արդյունքների ընդունման համար անհրաժեշտ է քվեարկողների 25%-ից ավելի դրական պատասխանը։
Երկրի կենտրոնական ընտրական բյուրոյի տվյալներով՝ հանրաքվեին մասնակցած 2,4 մլն քաղաքացուց ավելի քան 1,6 մլն մարդ դրական պատասխան է տվել առաջադրված երկու հարցերին։
Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո դրանք պետք է հաստատվեն երկրի Սահմանադրական դատարանի կողմից։ Հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսինն է եղել։