«Բարի ավանդույթների» խորհրդարան
ПОЛИТИКАՀետհեղափոխական Հայաստանում շատ է խոսվում նոր գաղափարների ու նոր իրավիճակի, իշխանությունների բաց և հասանելի լինելու փաստի մասին, սակայն առօրյա կյանքում հաճախ բախվում ենք այլ իրականության հետ: Նախօրեին մեկնարկած քառօրյան, կարծես թե, հերթով ամեն բան գցում է իր տեղը. եթե որոշ ժամանակ առաջ մենք տեսնում էինք, թե ինչպես են իշխանական պատգամավորները որպես սուրբ պարտականություն ներկա գտնվում օրենսդիրի աշխատանքներին և ակտիվ գործունեություն ծավալում, այսօր արդեն բոլորովին այլ պատկեր է: Նախ՝ նիստի մեկնարկին բավականին սակավ թվով են սկսում խորհրդարանի աշխատանքները՝ 70-80 հոգի, ինչը 132 հոգանոց խորհրդարանում զարմանալի է: Ավելին՝ նիստերի ընթացքում պատգամավորների շարքերը գնալով նոսրանում են, և երկրորդ-երրորդ նիստերի ժամանակ 25-30 պատգամավոր հազիվ է գտնվում նիստերի դահլիճում: Ի դեպ, սա նախորդ խորհրդարաններում նույնպես ընդունված մեթոդ էր, երբ պատգամավորները հիմնականում խորհրդարանում ներկա էին լինում գրանցվելիս ու մեկ էլ՝ քվեարկությունների ժամանակ: Պատկերը կտրուկ փոխվում է, երբ կառավարությունից ներկայացուցիչ է լինում ԱԺ-ում, այդ ժամանակ իշխանական պատգամավորները ցուցադրական հարցեր են տալիս՝ միմյանց հերթ չտալով: Այնպես որ, խորհրդարանում «բարի ավանդույթները» շարունակվում են՝ դատարկ դահլիճի ուղեկցությամբ: