Իրանը զգուշացնում է, որ Պարսից ծոցում ցանկացած ռազմական բախման դեպքում նավթի գները կգերազանցեն 100 դոլարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊարսից ծոցում տեղակայված ԱՄՆ ռազմական նավերը բավականին մոտ են գտնվում իրանական հրթիռներին: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զինվորական հարցերով գլխավոր օգնականը՝ զգուշացնելով, որ ցանկացած բախում երկու երկրի միջև նավթի գինը կհասցնի 100 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Վաշինգտոնը կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ դրանք ուժի մեջ մտցնելով մայիսին և հրահանգելով մյուս երկրներին դադարեցնել իրանական նավթի ներկրումը:
«Ամերիկացիները քաջատեղյակ են, որ իրենց ռազմական ուժերը տարածաշրջանում Իրանի հրթիռներին մոտ են տեղակայված և ամերիկյան և այլ օտարերկրյա ռազմանավեր գտնվում են «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» դիրքերից տեսանելի հեռավորությամբ», - ասել է Խամենեիի օգնական Ռահիմ Սաֆարին:
Նրա խոսքով՝ Պարսից ծոցում արձակված առաջին կրակոցը նավթի գինը կբարձրացնի 100 դոլարից էլ ավելի, ինչն «անտանելի կլինի Ամերիկայի, Եվրոպայի և ԱՄՆ դաշնակիցների համար, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան»: