ՌԴ իրավապահները պարզել են, որ Մերձմոսկվայում հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվողներից մեկը Հայաստանից է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրավապահները պարզել են Մերձմոսկվայում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածյալներից մեկի ինքնությունը. նա ապրում է դեպքի վայրից ոչ հեռու: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սպանվածի հայրը՝ Ալեքսեյ Բելյանկինը:
«Այժմ ես գտնվում եմ քննիչի աշխատասենյակում: Ինչպես ինձ հայտնել են իրավապահները, իրենց հաջողվել է պարզել կասկածյալներից մեկի ինքնությունը: Նա Հայաստանից է եկել, վերջերս բնակվելիս է եղել այն վայրի մոտակայքում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը», - ասել է նա:
Հունիսի 2-ի գիշերը Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո թաղամասում սրճարանի հարևանությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է Նիկիտա Բելյանկինը, որը փորձել է բաժանել կռվի մասնակիցներին:
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հատուկջոկատային բաժնում ծառայելիս նա մասնակցել է Սիրիայում անցկացվող մարտերին: