Երբ հատում ես ռացիոնալության սահմանը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԳաղտնիք չէ, որ քաղաքական զարգացումները շատ դեպքերում որոշակի ճշտումների, բացահայտումների կատալիզատոր են հանդիսանում։ Դրանք օգնում են հասկանալ, թե երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս իրականում ինչպիսին է վերաբերմունքն այս կամ այն գործընթացի, օրվա իշխանության կամ ընդդիմության նկատմամբ։ Նման բացահայտման յուրահատուկ լ յուստրացիայի ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի հռչակած, այսպես կոչված, դատական բարեփոխումների ազդարարումից հետո։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է արտաքին ազդակներին։ Փաշինյանի վերոնշյալ ազդարարումը բացահայտեց, թե տվյալ պահին աշխարհաքաղաքական հիմնական ուժային կենտրոններն ինչ հույսեր կամ վերաբերմունք ունեն ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ։
Այս համատեքստում հատկանշական է նաև այն փաստը, որ վեթթինգի համակարգի ներդրման մասին հայտարարությունից ընդամենն օրեր անց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ վեթթինգի վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է։ Սա, իհարկե, բնորոշ չէ բավականին ծանրաշարժ և կոմպետենտությամբ բացառիկ մակարդակի վրա չգտնվող քաղաքական ուժին։ Սա պարզապես նշանակում է, որ վեթթինգի մասին օրինագիծը պարզապես վաղօրոք նախապատրաստված է եղել, ու թերևս անհիմն չեն կասկածները, որ այն արտահայաստանյան ծագում ունի։ Կարելի է ենթադրել, որ տարբեր հիմնադրամներ վաղուց գրել ու ներկայացրել են նաև անցումային արդարադատության մասին օրենքի նախագիծը։
Այս առումով թերևս հատկանշական է, որ դատական բարեփոխումները սկիզբ դնելուց ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հերթական անգամ հանդիպել էր ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Եվ չի բացառվում, որ գուցե այդ ժամանակ էլ Հայաստանի վարչապետն ասել է, որ նման քայլի է դիմելու, և ստացել է ԱՄՆ-ի բացահայտ աջակցությունն այդ հարցում։
Նույնաբովանդակ արձագանքը եղավ արևմտյան մյուս բևեռի՝ ԵՄ կողմից։ Այս կառույցի ներկայացուցիչների ելույթներում ընդհանուր առմամբ նույնպես որոշակի նուրբ ու քողարկված նկատողություններ կային՝ բարեփոխումները Սահմանադրության շրջանակներում անցկացնելու վերաբերյաԿար նաև ակնարկ՝ խորհրդականների և ֆինանսների տեսքով աջակցություն ցուցաբերելու մասին։
Շատերը միջազգային արձագանքի տարափում սպասում էին, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերելու ՌԴ-ն։ Պաշտոնական Մոսկվան որևէ լուրջ արձագանք, կարծես թե, չի ցուցաբերել հայկական դատաիրավական հեղափոխության առնչությամբ։ Եթե հաշվի չառնենք ռուսական փորձագիտական մակարդակով անդրադարձները՝ ՌԴ-ն ընդհանուր առմամբ գերադասեց լռել։
Այս համատեքստում պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Նախ՝ դատաիրավական բարեփոխումների մասին ազդարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ դատարանից՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության համար իբր անսպասելի կալանքից ազատվեց Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի ազատումը վերջին ամիսների ընթացքում պաշտոնական և ոչ պաշտոնական Ռուսաստանի օրակարգային թիվ մեկ հարցերից մեկն էր։ Այս առումով կարելի է համարել, որ Ռուսաստանի ձգտումներն առնվազն մասամբ բավարարված են։ Եվ այս ֆոնին դատական ռեֆորմներին աջակցելու արևմտյան ծրագիրը գուցե այն գինն է, որը Ռուսաստանն իր լոյալությամբ վճարում է Ռոբերտ Քոչարյանի ազատման համար։
Այստեղ հարկ է հավելել, որ ի սկզբանե պարզ է, որ դատական բարեփոխումները, քանի դեռ դրանք տարածվում են միայն դատական համակարգի վրա, Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի առաջնահերթությունների մեջ չեն մտնում։ Այս առումով առայժմ անհանգստանալու առիթ Ռուսաստանը չունի։ Ռուսներին հետաքրքրում են Հայաստանի հետ հարաբերությունները ռազմաքաղաքական, տնտեսական ոլորտներում, միջազգային ասպարեզում համահունչ հանդես գալու հեռանկարը, անվտանգության, պաշտպանության համակարգերը։
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ