Ծռել է Ջրվեժի մի առանձնատան ճաղավանդակը, մտել ներս ու տարբեր իրեր գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 3-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքում Ջրվեժ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ հունիսի 2-ի ժամը 18.00-ից հունիսի 3-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ճաղավանդակը ծռելու եւ ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել Ջրվեժ գյուղում գտնվող իր առանձնատուն եւ գողացել կենցաղային իրեր, իսկ այգուց՝ էլեկտրական պոմպ՝ պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ գողությունը կատարել է Ջրվեժի 42-ամյա մի բնակիչ: Նրա բնակարանի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են առանձնատնից գողացված կենցաղային իրերը եւ էլեկտրական պոմպը:
Տղամարդը հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն: