«Եթե ոռոգման համակարգը կարգի բերվի, կոռուպցիոն ռիսկերը վերացվեն, ապա խնդիր չենք ունենա Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու»
ИНТЕРВЬЮՍևանա լճից 2019 թվականին ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր: Կառավարությունը երեկ ընդունեց համապատասխան որոշումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս ջուրը կուղղվի Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգմանը: Ե՛վ նախարարը, և՛ վարչապետն ընդգծեցին, որ պետք է ամեն ինչ արվի՝ օրենքով նախատեսված չափից ավելի ջուր Սևանից բաց չթողնելու համար:
Բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ, ի վերջո, 170 մլն խմ-ը պատահական հաշվարկված թիվ չէ:
«Գետերը և թունելը՝ նորմալ աշխատանքի դեպքում, ջուրը բերում են Սևան: Այդ պարագայում լճի բացասական բալանս չենք ունենում, հակառակը՝ մակարդակը քայլ առ քայլ բարձրանում է: Ուղղակի պետք է սահմանափակվել այդ ծավալով: Ամեն տարի այդ խնդիրն առաջանում է, որ երաշտ է, արտակարգ իրավիճակ, լրացուցիչ ջրառի համար դիմում են Ազգային ժողովին, թույլտվություն ստանում: Ի դեպ, հանրային խորհրդի էկոլոգիայի հանձնաժողովի անունից դիմել էինք կառավարությանը՝ խնդրելով այս տարի սահմանափակվել և լրացուցիչ ջրառ չիրականացնել: Բացի դա, առաջարկել էինք շատ շտապ զբաղվել ոռոգման համակարգի վիճակով», - ասում է Դանիելյանը:
Նա նշում է, որ ավելի շատ ջուր կորցնում ենք, քան Սևանից վերցնում: «Ոռոգման համակարգը սարսափելի վիճակում է: Ես մի քանի անգամ մասնակցել եմ քննարկումներին, սարսափելի վիճակ է առանձին տեղերում: Եթե ոռոգման համակարգը կարգի բերվի, կոռուպցիոն ռիսկերը վերացվեն, ապա անհրաժեշտություն չի լինի ամեն տարի Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնել», - ընդգծում է բնապահպանը:
Անդրադառնալով կարծիքներին, որ ցանկացած քանակի ջրառը պետք է առհասարակ բացառել, Դանիել յանը կարծում է, որ ուղղակի պետք է հստակ սահմանափակվել 170 մլն խմ-ով: «Իհարկե, եթե կլիմայական ինչ-որ փոփոխություններ չլինեն, ասենք, գետերը ցամաքեն և ջուր չբերեն Սևան: Նշեմ, որ եթե լճում ջուրը միշտ կանգնած է մնում, դա իր բացասական կողմերն ունի: Ջուրը պետք է ակտիվ լինի՝ և՛ ներհոսք լինի, և՛ արտահոսք: Գետերը ջուր են բերում Սևան, իսկ արտահոսքն էլ լինում է Հրազդան գետի միջոցով: Որքանով ես եմ ուսումնասիրել լճի մակարդակի թվերը, 170 մլն խմ-ը վնասակար չէ լճի համար», - կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:
Կարինե Դանիեյանը բարձրաձայնում է ՀԷԿ-երի աշխատանքի վնասակարության մասին, բացի դա, նրա խոսքով, այն գետերը, որոնք հոսում և լցվում են Սևանա լիճը, ամբողջությամբ աղբով են լցված, կա դրանք մաքրելու խնդիր: «Կարևոր է նաև լճի ափերի մաքրումը, կան կոմունալ և արտադրական հոսքաջրեր, որոնք բոլորը լցվում են Սևան: Պետք է այս խնդիրները լուծել: Սևանի հատակի հետ կապված՝ պետք է մաքրել այն տարածքները, որտեղ անտառները, կառուցապատված տարածքներն անցել են ջրի տակ: Հիմա պետք է շատ խիստ հետևել ափամերձ տարածքներին, որպեսզի ջուրը բարձրանալու դեպքում շինությունները և անտառածածկ տարածքները, ինչպես նաև թափոնակույտերը չանցնեն ջրի տակ», - եզրափակում է բնապահպան Կարինե Դանիելյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ