Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանի «Հանուն Արցախի» համազգային շարժում նախաձեռնությանը միանալու մասին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի «Հանուն Արցախի» համազգային շարժում սկսելու նախաձեռնությունը ճիշտ ժամանակին, ճիշտ պահին արված սթափության կոչ ու ներքին պահանջ է հայ հանրության ուշադրությունը բևեռելու, մեր հնարավորություններն ու կարողությունները մեկտեղելու՝ ուղղված հայկական պետականության հիմքերն ամրապնդելուն, մեր զորությունը բազմապատկելուն: Վիտալի Բալասանյանը իր հայտարարության, ապա մամուլում հրապարակված հարցազրույցում, հանգամանորեն վերծանել է շարժման ծրագրային դրույթների ամբողջական պատկերը, անդրադարձել նրա նպատակներին ու շարժման առաջ ծառացած խնդիրներին, որոնց հանդեպ դժվար է անտարբեր կեցվածք ընդունել, եթե մտահոգված ես քո երկրի հետագա զարգացման խնդիրներով:
Համազգային շարժման բնույթն ու էությունը, նրա հստակ նպատակները, ինչպես և ակնկալվում էր, բուռն հետաքրքրություն է առաջացրել առանձին անհատների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, այդ թվում և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամների շրջանում, քանի որ շարժման որդեգրած մոտեցումները, նախանշված նպատակները բխում են նաև մեր կուսակցության ծրագրային դրույթներից:
Հարցման կարգով ուսումնասիրելով շրջանային և սկզբնական կազմակերպություններում շարժման հանդեպ առկա բարյացակամ տրամադրությունները, համոզվելով, որ ամենուր դրական վերաբերմունք է ձևավորվել, Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարում է «Հանուն Արցախի» համազգային շարժմանը միանալու մասին և հավաստիացնում, որ իր հնարավորությունների սահմանում ամեն կերպ ձգտելու է օժանդակել շարժմանը»: