Բաոբաբի ծիլերի ու վարդի թփերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉէ, չճանաչեցինք կամ չուզեցինք ճանաչել բաոբաբի ծիլերը, կամ ճանաչեցինք, բայց ծուլացանք արմատախիլ անել դրանք, գուցե մի պահ այդպես էր ուղղակի ձեռնտու: Դրանց էլ վարդ անվանեցինք, այնինչ ամենևին էլ վարդ չէին, որևէ ծաղիկ չէին: Հա, երբեմն իրոք վարդի ու բաոբաբի մատաղ ծիլերը շատ են իրար նմանվում: Բայց նույնը չեն, նույնը չեն կարող լինել:
Ու բաոբաբի ծիլերը խոշորացան ու նրանցից արդեն չենք կարողանում ազատվել, գրավել են մեր փոքրիկ «մոլորակն» ու պարզապես կտոր-կտոր են անում: Բաոբաբի հաստ ճյուղերը բերք են տվել առատ ու թունավոր՝ անեծքի, հայհոյանքի, վիրավորանքի, անհանդուրժողականության և ատելության խոշոր պտուղներ, սկսել են ավելի ու ավելի ճնշել թերթիկների վրայից սեր ու բարություն բուրող վարդերին, որոնք իրենց ապակյա «պատյանի» միջից անգամ մաքառել ի վիճակի չեն: Ե՞րբ կորցրեցինք բաոբաբների դեմն առնելու ժամանակամիջոցը, դժվար է ասել: Երևի կարծեցինք՝ դրանց էլ կարող ենք վարժեցնել. այնպես, ինչպես այդ պահին մեզ է պետք: Չհասկացանք, չուզեցինք հասկանալ, որ եթե նույնիսկ բաոբաբի նման ավերիչ բույսն ենք փորձում վարժեցնել, ուրեմն և պիտի պատասխանատու լինենք նաև նրանց համար:
Բայց մենք սովոր ենք պատասխանատու լինել վարդի համար, և ուրեմն, պատրաստ պիտի լինենք, որ բաոբաբը խժռելու է բոլորիս, այդ թվում՝ «վարժեցնողներին»: Սա՝ ուղղակի, որպես ականջի օղ..