Վրացական ավիաընկերությունների չվերթները ՌԴ տարածք կդադարեցվեն հուլիսի 8-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հուլիսի 8-ից կդադարեցվեն վրացական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի Դաշնության տարածք: Ինչպես ասվում է ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, այս մասին ռուսաստանյան ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են վրաց գործընկերներին:
Թռիչքների դադարեցման պատճառն ավիացիոն անվտանգության արտակարգ մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է, ինչպես նաև ՌԴ Օդային տեղաշարժի կազմակերպման պետական գործակալության հանդեպ ավիացիոն գործունեության համար կուտակված պարտքի առկայությունը:
Ներկա պահին վրացական կողմի պարտքի ընդհանուր չափը կազմում է 792 543,19 դոլար և 592 251,95 ռուբլի (չհաշված տուգանքները): Վրացական կողմը պարտքն ընդունել է դեռևս 2008 թվականին, սակայն մինչ օրս չի մարել այն:
Թռիչքների դադարեցումը կշարունակվի մինչև Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերություններից ավիացիոն անվտանգության ծրագրերի ներկայացումը ռուսական կողմին, դրանց դիտարկումը և հաստատումը, ինչպես նաև մինչև պարտքի ամբողջական մարումը: