Մարսելում ցուցարարներ են ձերբակալվել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական Մարսել քաղաքում ոստիկանությունը շաբաթ ձերբակալել է «դեղին բաճկոններ» շարժման ցույցերի 8 մասնակցի:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը հղում անելով ֆրանսիական աղբյուրին, «դեղին բաճկոնների» ակցիան մեկնարկել է Մարսելի նավահանգստում, որտեղից ցույցի մասնակիցները շարասյունով շարժվել են քաղաքի փողոցներով՝ ոստիկանության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ: Այսօր Մարսելի փողոցներ, ընդհանուր առմամբ, 1200 մարդ է դուրս եկել:
«Դեղին բաճկոնների» ցույցերը, որոնք շարունակվում են 32-րդ շաբաթը, տեղի են ունենում նաև այլ ֆրանսիական քաղաքներում: Թուլուզում բողոքի ակցիաներին 400 մարդ է միացել:
Արյեժ շրջանում ցուցարարները փակել են ճանապարհներից մեկը, որը Փարիզից տանում է դեպի Իսպանիայի հետ սահմանի կողմը:
Հիշեցնենք, որ երկրի ողջ տարածքում զանգվածային բողոքի ցույցեր են մեկնարկել նոյեմբերի 17-ին: Առաջին ցուցարարները վարորդներն են եղել, որոնք դեղին բաճկոններ հագած պահանջել են չբարձրացնել վառելիքի գինը: Իշխանությունների կողմից որոշակի փոխզիջումներից հետո էլ ցույցերը չեն դադարել: Ֆրանսիացիները շարունակում են իրենց բողոքը հայտնել իշխանությունների տնտեսական և սոցիալական քաղաքականությունից: