Հաղթահարելով բարձրությունն ու բարդությունը. Ջերմուկը՝ ժայռամագլցման քարտեզի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ջերմուկում այսքան ժայռեր կան, կա նաև հրաշակի բնական միջավայր, ինչո՞ւ հենց Ջերմուկում չունենալ ժայռամագլցման ուղիներ»: «Climb Up» ժայռամագլցման ակումբի հիմնադիր Վազգեն Գալստյանի և իր ընկերոջ մոտ այս հարցը դեռ վաղուց էր ծագել: Ավելի ուշ հարցը դարձավ նպատակ, որին կարելի էր հասնել: Արդյունքը եղավ այն, որ այսօր Ջերմուկում ժայռամագլցման ծառայություններ են մատուցում:
Վազգենն ընկերոջ հետ վաղուց է զբաղվում ժայռամագլցմամբ, ասում է՝ հոբբին կամաց-կամաց սիրելի աշխատանք է դառնում: Ջերմուկում ժայռամագլցման ուղիներ մշակելու հարցում տղաներին հաջողվել է կապ հաստատել Իրանում հայտնի ժայռամագլցող Մեհդի Զեհդենկարի հետ, որն էլ օգնել է ուղիներ մշակելու հարցում:
«Ժայռամագլցման 13 ուղի ենք մշակել Ջերմուկում: Արդեն ձեռք ենք բերել գույք, մեծ քանակությամբ անհրաժեշտ պարագաներ և այս պահի դրությամբ ունենք այն ռեսուրսն ու տեխնիկական հնարավորությունները, որոնք թույլ են տալիս ծառայություն մատուցել 1-ից մինչև 15-20 հոգանոց խմբերի»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Վազգենը՝ հավելելով, որ հիմնել են նաև «Climb Up» ժայռամագլցման ակումբը, ինչի շրջանակներում անվճար պարապմունքներ են կազմակերպում Ջերմուկում բնակվող երիտասարդների համար:
Հուսով են՝ պարապմունքների արդյունքում իրենց թիմը կհամալրվի:
Խոսելով ժայռամագլցման հոգեբանական կողմի մասին՝ Վ. Գալստյանը շեշտում է.
«Ժայռամագլցումը մարդկանց հնարավորություն է տալիս ոչ միայն լինել լավ մարզավիճակում, այլև նպաստում է, որ մարդիկ հաղթահարեն բարձրության նկատմամբ ունեցած վախերը: Էքստրիմի սիրահարների համար էլ այն լավ զբաղմունք է ոչ միայն բարձրություն հաղթահարելու իմաստով: Քանի որ ժայռերն ունեն բարդության տարբեր մակարդակներ, էքստրիմի սիրահարների դեպքում էլ կարելի է ասել, որ ամեն անգամ նոր բարդություն են հաղթահարում»:
Մեր զրուցակիցը նշեց՝ կան մարդիկ, որոնց համար էլ ժայռամագլցումը պարզապես գեղեցիկ նկարներ ունենալու հնարավորություն է:
Վազգեն Գալստյանը շեշտում է, որ առհասարակ խնդիրը հիմնականում անվտանգության և բարձրության վախերն են, բայց միաժամանակ հավաստիացնում է. «Ժայռից ընկնելու որևէ տարբերակ չկա՝ բացառվում է, որ որևէ մեկը կարող է ընկնել ժայռի վրայից, քանի որ պահպանված են անվտանգության բոլոր կանոնները»:
Որպես զբոսաշրջային ծառայություն՝ նոր են գործում, բայց արդեն ունեցել են հաճախորդներ անգամ Գերմանիայից և Շվեյցարիայից: Վազգեն Գալստյանը հուսով է, որ ժամանակի ընթացքում հայերի համար այս ուղղությունը ևս մեծ հետաքրքրություն կառաջացնի:
Ասում է ու հիշում հատկապես հայ կանանց արձագանքների մասին:
«Ժայռը գտնվում է այն ճանապարհի վրա, որտեղով անցնում են դեպի Գեյզեր գնացող ջիպ-տուրերը: Շատերը կանգնում են ու նայում: Իսկ երբ հայ կանայք են նայում, ասում են՝ ինչո՞ւ եք բարձրացել, կընկնե՛ք, ի՞նչ հետաքրքիր բան կա, իջե՛ք»,-ծիծաղով հիշում է մեր զրուցակիցը ու նշում, որ ժամանակի ընթացքում այդ մոտեցումները ևս կփոխվեն:
«Փորձում ենք ամեն ինչ անել, որ Ջերմուկում ժայռամագլցումը հնարավորինս արագ զարգանա: Իսկ երբ այն զարգանա, կմտածենք նաև սառցամագլցման ծառայություններ ունենալու մասին, որովհետև Ջերմուկն ունի նաև այդ սպորտաձևի զարգացման բոլոր պայմանները: Ժայռամագլցմամբ զբաղվողները Հայաստանում քիչ են, հայտնի կետերը հիմնականում Նորավանքի կիրճն ու Դժոխքի ձորն են: Հույս ունենք, որ ժայռամագլցման քարտեզի վրա կավելացնենք նաև Ջերմուկը՝ որպես սիրելի և ճանաչված վայր»:
Վազգենն ապրում ու աշխատում է Ջերմուկում: Քաղաքին թարմություն հաղորդելու անհրաժեշտություն է տեսնում:
«Ջերմուկն առողջարանային տուրիզմի կենտրոն է, որտեղ գալիս են հիմնականում ընտանեկան հանգստի և բուժում ստանալու համար: Մեր նպատակը Ջերմուկը մի փոքր ռեբրենդինգի ենթարկելն է, որ այն ընկալվի զբոսաշրջության կենտրոն՝ նաև երիտասարդների ակտիվ ժամանցի ու էքստրեմալ սպորտաձևերի տրամաբանության մեջ: Ջերմուկում զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ կա, և մենք փորձում ենք ակտիվացնել էքստրեմալ տուրիզմի ճյուղը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ