Արվեստի 60-ամյա «ճամփորդը»՝ Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված համերգ-երեկո: Դպրոց, որն իր գոյության վեց տասնամյակների ընթացքում արվեստի աշխարհն է բացել հազարավոր երեխաների, պատանիների համար: Նրանցից շատերն այսօր հանրահայտ երաժիշտներ են, մյուսները իրենց ողջ կյանքի համար երաժշտության աշխարհի նուրբ գանձերն են կուտակել:
Հոբելյանի առթիվ իրենց կատարումներով ողջունեցին Կոմիտասի անվան ազգային քառյակը, Կադանս անսամբլը, դպրոցի մի քանի շրջանավարտներ, որոնք երաժշտության ոլորտում լուրջ նվաճումների են հասել:
Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան դպրոցի մանկավարժներն ու ադմինիստրատիվ աշխատողները շնորհակալագրերի ու պատվոգրերի արժանացան ԱԺ «պատգամավորական խմբի» (այդպես ներկայացրեցին ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը և Նարեկ Մկրտչյանը), Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև դպրոցի տնօրեն Հրաչյա Բադալյանի կողմից:
Կատարումներով հանդես եկան նաև դպրոցի սաները և ավագ երգչախումբը (ղեկավար՝ Մամիկոն Անդրեասյան):