Դեպի Ռուսաստան ֆինանսական փոխանցումներն ավելացել են
ՔԱՂԱՔԱԿԱՆՕրերս ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկն ուշագրավ վիճակագրություն է ներկայացրել՝ կապված Ռուսաստանի տրանսսահմանային ֆինանսական փոխանցումների հետ:
Ըստ այդմ, պարզվում է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից (խոսքը վերաբերում է ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց) Հայաստան է փոխանցվել 194 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Միևնույն ժամանակ Հայաստանից Ռուսաստան փոխանցումները կազմել են 133 միլիոն դոլար, որը, ոչ ավել, ոչ պակաս, 30 տոկոսով շատ է 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ:
Մասնագետները «Փաստի» հետ զրույցում այս թվերն ինքնին մտահոգիչ էին համարում. հաշվի առնելով, որ հազիվ թե Հայաստանում վիճակն այնքան է լավացել, որ մարդիկ օգնում են Ռուսաստանի բարեկամներին, ստացվում է, որ ուղղակի կապիտալի արտահոսք է տեղի ունենում: