Ես չեմ կարծում, թե իմ արձագանքը կոշտ էր. Արարատ Միրզոյանը՝ ՌԴ դեսպան–Քոչարյան հանդիպման մասին
ՎԻԴԵՈԵս չեմ կարծում, թե իմ արձագանքը կոշտ էր, բավականին գործընկերային էր: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո իր արձագանքին, որ չի ողջունում նման հանդիպումը:
«Որեւէ երկրի դեսպան իրավունք ունի անընդհատ հանդիպումներ ունենալ քաղաքական, հասարակական դաշտի ողջ սպեկտրի տարբեր ներկայացուցիչների հետ:
Ես համարում եմ, որ այն մարդը, որի մասին եղել է խոսքը, ոչ թե սովորական քաղաքական գործիչ է, այլ մարդ, որի նկատմամբ ամենածանր մեղադրանքներից մեկն է առաջդրված: Ինքն անցնում է շատ կոնկրետ քաղաքական գործով եւ այս պարագայում որեւէ երկրի դեսպանի շփումները, գուցե կոնսուլտացիաները կարող են ինչ-որ պահի մեկնաբանվել իբրեւ ոչ պատշաճ կամ ոչ հարիր: Այս կոնտեքստում ես ասել եմ, որ չեմ ողջունում դեսպանի հանդիպումը եւ հիմա էլ կարող եմ ասել նույնը»,-հայտարարեց նա: