Արտաքին քաղաքականության քաոսը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՊառլամենտական հանրապետություններում խորհրդարանական դիվանագիտությանը շատ կարևոր դեր է վերապահված։ Հիմա տեղին չէ հանգամանալից անդրադառնալ այն գործառույթներին, որն իրականացնում է օրենսդիր մարմինը՝ փոխլրացնելով գործադիրի քաղաքականությունը։
Օրինակ՝ երբ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը դատապարտում էր Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ, հասկանալի էր, որ դա երկրի քաղաքական իշխանության որոշումն է, ինչը նպատակահարմար է գտնվել հրապարակայնացնել խորհրդարանական ձևաչափով։
Սակայն սա եզակի երևույթ է, երբ հետհեղափոխական Հայաստանում նման արդյունավետ կոորդինացիա է իրականացվում։ Որպես կանոն՝ մեր խորհրդարանական պատվիրակությունները դրսևորում են խիստ անպատասխանատու վարքագիծ, ինչի համար հետո ստիպված է լինում պատասխան տալ գործադիր իշխանությունը։
Խոսենք, օրինակ՝ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին իրադարձության մասին, երբ այդ կառույցին Ռուսաստանի պատվիրակության կարգավիճակի վերականգնման հարցում Հայաստանի կառավարող կուսակցության անդամներից մեկը սխալ քվեարկություն էր կատարել, մյուսն ընդհանրապես բացակայել էր։
Երբ հարկատուների հաշվին պատվիրակություն է մեկնում Ստրասբուրգ ու նման անպատասխանատու վարքագիծ է դրսևորում, դա հնարավոր չէ մեղմել որևէ հերթապահ պատճառաբանությամբ։ Կարող են տուժել ռազմավարական հարաբերություններ, որոնց վերականգնման համար ամիսներ, անգամ՝ տարիներ են պետք։
Նման «անպատասխանատու» վարքագիծը մի քանի պատճառներ ունի։
Ինստիտուցիոնալ խնդիրն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաոտիկ բնույթ ունի, այլ խոսքով՝ գոյություն չունի հայեցակարգ, որի շրջանակներում պետք է գործեն օրենսդիր ու գործադիր իշխանությունները, ինչի հետևանքով ֆորսմաժորային իրավիճակների պակաս չի լինում։
Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ հեղափոխությունից հետո առաջընթաց չկա Հայաստանի արտաքին քաղաքականության որևէ ուղղությամբ. հայ-ռուսական հարաբերություններն ինստիտուցիոնալ ճգնաժամ են ապրում, իսկ Երևանի ու Վաշինգտոնի և Բրյուսելի հարաբերություններում բովանդակային բաղադրիչը չի ավելացել։
Մյուս պատճառը կարող է լինել մեր խորհրդարանական մեծամասնության քաղաքական, մասնագիտական ոչ պատշաճ որակը։ Հեղափոխական էյֆորիայի ալիքի ու Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի ալիքի վրա ԱԺ-ում հայտնվեցին բազմաթիվ մարդիկ, ովքեր, մեղմ ասած, պատկերացում չունեն իրենց պատասխանատու կարգավիճակի մասին։
Պատահական չէ, որ «սխալ» քվեարկությունից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը խոսում է ռուսների հետ կազմակերպվելիք «մերձեցման երեկոյի» մասին, որը ծիծաղի առարկա է դառնում ոչ միայն Մոսկվայում, այլ նաև հայկական պատվիրակության մյուս անդամների շրջանում։
Սակայն Հայաստանի արտաքին քաղաքականության «թափթփվածության» հիմնական պատճառն այն է, որ դեռևս չի հաղթահարվել, այսպես կոչված, հեղափոխական «բեսպրեդելը»։ Բացարձակ կոորդինացիա չկա պետական մարմինների աշխատանքներում, ինչի հետևանքով, օրինակ՝ դպրոցի տնօրենի խնդիրը կարող է մարզպետարանից «փոխանցվել» կրթության նախարարություն կամ՝ հակառակը, ինչի հետևանքով խնդիրը կարգավորվում է միայն վարչապետի գործուն միջամտությունից հետո։
Արտաքին քաղաքականությունը նման շռայլություն իրեն թույլ տալ չի կարող, որովհետև գործ ունենք արտաքին գործընկերների արձագանքի, համարժեք քայլերի հետ։ Անհրաժեշտ է հնարավորինս կոորդինացնել Հայաստանի պետական մարմինների արտաքին շփումները՝ դրանք համաձայնեցնելով ԱԳՆ-ի հետ։ Ասվածն առաջին հերթին վերաբերում է Ազգային ժողովի պատվիրակություններին, սակայն դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է զսպել նորաթուխ պատգամավորների «տուրիստական» հակումները ու արտերկիր գործուղել մարդկանց, ովքեր ունեն քաղաքական փորձառություն ու համապատասխան գիտելիքներ։
Համենայն դեպս, խորհրդարանական պատվիրակության անդամների մոտ պետք է բացառվեն կամ գոնե նվազագույնի հասցվեն «տեխնիկական» սխալները, որոնք կարող են շատ թանկ նստել Հայաստանի վրա։
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ