14 օր՝ գնված ապրանքը վերադարձնելու համար. ինչո՞ւ սպառողները չեն պաշտպանում իրենց իրավունքը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Վաճառված ապրանքը հետ չի ընդունվում», «Մեր ապրանքը չէր կարող հին լինել», «Տեխնիկան չէր կարող փչանալ, սխալ եք օգտագործել» և այսպես շարունակ: Քանի նման արտահայտություն են սպառողները լսել, շատ դեպքերում առանց «պայքարի» հեռացել առևտրի կենտրոններից: Բայց չէ՞ որ սպառողների իրավունքները պաշտպանված են օրենքով:
Փաստաբան Իրինա Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանված են օրենսդրությամբ: «Սպառողներն օրենսդրության սահմաններում կարող են վերականգնել իրենց խախտված իրավունքները: Եթե, օրինակ, սպառողն անորակ ապրանք է ձեռք բերել, նա կարող է այն փոխելու կամ վերադարձնելու պահանջ ներկայացնել: Նա կարող է պահանջել ապրանքի գնի համաչափ իջեցում, գնի վերահաշվարկ:
Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, եթե սահմանված է դրա պիտանելիության կամ երաշխիքային ժամկետ, սպառողը պետք է նկատի ունենա, որ եթե թերությունները հայտնաբերվել են այդ ժամկետների ընթացքում, ապա ինքը կարող է իր բոլոր պահանջները ներկայացնել վաճառողին, իսկ եթե թերությունները նկատել է ժամկետների ավարտից հետո, նա կորցնում է պահանջ ներկայացնելու իր իրավունքը: Եթե ապրանքը ձեռք է բերվել պայմանագրային հարաբերությունների շրջանակում, ապա հարցերը կարգավորվում են պայմանագրով, որն էլ իր հերթին պետք է համապատասխանի օրենքին», - ասում է փաստաբանը՝ ընդգծելով, որ սպառողը կարող է վերադարձնել ոչ միայն այն ապրանքը, որը թերություններ ունի:
««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ եթե մարդը գնել է ինչ-որ ապրանք, որը թերություն չունի, սակայն սպառողի համար հարմար չէ, նա չի կարողանում այն օգտագործել, նա 14 օրվա ընթացքում կարող է այն վերադարձնել կամ փոխարինել այլ ապրանքով, եթե սպառողը պահպանել է ապրանքի տեսքը և դրա ձեռքբերման փաստը հաստատող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն և այլն)», - նշում է Հակոբյանը
Փաստաբանն ընդգծում է՝ օրենքը բավականին լավ կարգավորում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտը, բայց այստեղ ունենք մի ուրիշ խնդիր: «Մեր սպառողները գործնականում չեն կիրառում օրենքը: Հասկանում են, որ պետք է դիմեն դատարան, քաշքշուկների մեջ ընկնեն, ծախսեր կատարեն: Ենթադրենք՝ ձեռք են բերել ցածր գնով ապրանք, այն ունի թերություն, սակայն որոշում են դատարան չդիմել՝ հավել յալ ծախսերից խուսափելու համար, նախընտրում են նորից նույն ապրանքից գնել: Շատ են դիմում փաստաբանական մեր գրասենյակին, խորհրդատվություն ստանում, սակայն գործերը դատարան չեն հասնում, քանի որ մեծ են թե՛ փաստաբանական, թե՛ դատարան դիմելիս առաջացող ծախսերը», ասում է մեր զրուցակիցը:
Հետաքրքրվում ենք՝ սպառողներին խորհուրդ ենք տալիս պաշտպանել իրենց իրավունքները, այս պարագայում պետությունն ի՞նչ անելիք ունի: «Սպառողները կարող են դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Ներկայացնում են գրավոր դիմում-հայտ, որ կոնկրետ խանութից ձեռք են բերել այս կամ այն ապրանքը, որն ունեցել է թերություններ կամ խախտումներ: Դիմումի հիման վրա պետական մարմինը պիտի ստուգի, ուսումնասիրի ու հայտնաբերի թերությունները, ընդ որում՝ այստեղ կարևոր է նշել, որ թերությունը պետք է համատարած լինի նույն ապրանքի խմբաքանակի դեպքում: Որովհետև հնարավոր է, որ ապրանքի ամբողջ խմբաքանակն անթերի լինի, սակայն գեթ մեկ ապրանք ունենա թերություն: Բացի հանձնաժողովից, սպառողները կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ներին կամ վեճը լուծել դատական կարգով», - տեղեկացնում է Իրինա Հակոբյանը:
Անդրադառնում ենք նաև օնլայն տիրույթում կատարվող առևտրին: «Օրենքը կարգավորում է նաև օնլայն տիրույթը: Մեր օրենքի շրջանակում կարգավորումը տրվում է հետևյալ կերպ. ցանկալի է, որ կնքվի պայմանագիր: Եթե ապրանքը ձեռք է բերվում լուրջ կազմակերպությունից, իրենք գնորդին օնլայն տարբերակով պայմանագրի օրինակ են տալիս: Օնլայն առևտրի պարագայում օրենքը մեկ-երկու կարգավորում ունի, այս տարբերակով գնումներ կատարելիս սպառողից զգոնություն է պահանջվում: Գոնե որոշակիորեն իրեն ապահովագրելու համար նա պետք է մի քանի քայլեր անի:
Օրինակ, էլեկտրոնային փոստով պահանջի պատվերի հաստատում, ստացում և մի շարք այլ տվյալներ, ինչը հետագայում առաջացող խնդիրների ժամանակ կարող է օգնել իրեն»,եզրափակում է փաստաբանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ