ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար վերապատրաստում է իրականացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, անկախ փորձագետների ներգրավմամբ, զինված ուժերում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների թեմայով վերապատրաստում է իրականացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Վերապատրաստման նպատակն էր կին զինծառայողներին տեսական գիտելիքներ փոխանցել պաշտպանության ոլորտում կանանց իրավունքների, որոշումների կայացման տարբեր մակարդակներում նրանց հավասար մասնակցության, խաղաղապահ առաքելություններում կանանց ընդգրկման կարևորության վերաբերյալ:
Միջոցառման շրջանակում անցկացված հարցումների միջոցով ճշգրտվել են զինված ուժերում կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներն ու առկա խնդիրները: