Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի Դաշնությունում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Եռակողմ համագործակցության սկիզբը տրվել է Սանկտ-Պետերբուրգում:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն էլ իր ելույթում հատուկ ընդգծել է, որ երեք երկրների քննիչների համատեղ աշխատանքը չի սահմանափակվում միայն առանձին գործերի շրջանակներում արտասահմանյան գործընկերներից ստացված հանձնարարությունների կատարմամբ:
«Ռուսաստանում, Բելառուսում եւ Հայաստանում մշակվում են համատեղ միջոցառումներ ինչպես հանցավորության դեմ պայքարի, այնպես էլ` գիտական եւ ուսումնական գործունեության զարգացման համար: Ինչպես գիտեք, մեր կողմից գործադրվել են մեծ ջանքեր` գործունեության տարբեր ուղղություններով մեր միջգերատեսչական համագործակցության ամրապնդման համար»,- ասաց ՌԴ ՔԿ նախագահը:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչն իր ելույթում ընդգծեց, որ ժամանակն է թելադրում հանցագործությունների տարբեր տեսակների առաջացման, կանխման համաձայնեցված մոտեցումների, նրանց քննության համար առաջնային պրակտիկայի օպերատիվ փոխանակման անհրաժեշտության մշակումը:
Համատեղ կոլեգիայի նիստի ավարտին Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները կնքեցին համագործակցության ծրագիր: