WhatsApp-ում կավելանան նոր գործառույթներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆWhatsApp-ի ծրագրավորողները թեստավորում են մի շարք նոր գործառույթներ հավելվածի հաջորդ տարբերակի համար iOS հարթակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով WABetaInfo-ին:
Նորամուծությունը հայտնվել է մեսինջերի 2.19.80.16 բետա տարբերակում եւ պետք է ներառվի պաշտոնական թարմացման մեջ:
Չաթերում կհայտնվի նախազգուշացում, որ կան խնդիրներ ստացված հաղորդագրությունների հետ կապված: Ծանուցումներում կառաջարկվի թարմացնել հավելվածը անսարքությունները հեռացնելու համար:
Բացի այդ, WhatsApp-ը փորձարկում է ստացված կամ ուղարկված մուլտիմեդիայի ֆայլերն արագ խմբագրելու գործառույթը: Այն կավելացվի ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի համար: Նորամուծության միջոցով հնարավոր կլինի փոխոխություններ կատարել նկարներում՝ դուրս չգալով մեսինջերից: Դա նաեւ թույլ կտա խնայել հեռախոսի հիշողությունն ու չպահպանել ավելորդ մեդիաֆայլերը: Ընդ որում՝ խմբագրված նկարները չեն փոխարինի սկզբնականները:
WhatsApp-ի թիմը նաեւ աշխատում է push-ծանուցումներում ձայնային հաղորդագրությունները նախապես տեսնելու գործառույթն ակտիվացնելու շուրջ: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե որ թարմացման մեջ կներառվի այն:
Ինչպես գրում է պորտալը, չի բացառվում, որ հետագայում մեսինջերը կկարողանա աշխատել մի քանի սարքերում անկախ սմարթֆոնից: Ընդ որում՝ կօգտագործվի օգտատերի միեւնույն հաշիվը: