Ինչպե՞ս հաշվառվել մշտական բնակության հասցեում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:
Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:
Հարց-Ինչպե՞ս հաշվառվել մշտական բնակության հասցեում:
Պատասխանում է փաստաբան Էրիկ Պետրոսյանը:
-ՀՀ բնակիչը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն տրամադրում է իր բնակության անձնագրային բաժին՝ ներկայացնելով սահմանված ձևի դիմում, անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ), իսկ ՀՀ-ում բնակվող` չհաշվառված ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք՝ ՀՀ տարածքում իրենց բնակության իրավունքը (կացության կարգավիճակը, քաղաքական, ժամանակավոր ապաստան ստանալու, փախստականի կարգավիճակ հայցողի կարգավիճակը) հավաստող փաստաթուղթ:
Օտարերկրյա պետության համապատասխան մարմնի կողմից տրված` անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է փաստաթղթի նոտարական կարգով վավերացված պատճենը կամ համապատասխան մարմնի կողմից տրված ապոստիլը:
Եթե չհաշվառված կամ բնակության վայրը փոխելու կապակցությամբ հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ վարձակալում է տվյալ գույքը), ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանության կողմից, դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Դիմումում նշված հասցեում անձի բնակվելու փաստը ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ը, ոստիկանության կողմից բնակության վայրի անձնագրային ծառայություն է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկանք:
Տվյալ անձանց հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանքը անձնագրային ծառայություն ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անձնագրային ծառայությունը գրավոր մերժում է դիմումատուին:
Հաշվառումը չի առաջացնում բնակելի տարածության սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք: